«Ռեալը» գերազանցեց «Բարսելոնայի» ռեկորդը

«Ռեալը» գերազանցեց «Բարսելոնայի» ռեկորդը

Արդեն տեղեկացրել ենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Սևիլյա» – «Ռեալ» պատասխան հանդիպումն ավարտվել է 3։3 հաշվով։

Այս ոչ-ոքիի շնորհիվ մադրիդյան թիմն արդեն 40 անընդմեջ պաշտոնական խաղում պարտություն չի կրում։ «Ռեալն» այս ցուցանիշով գերազանցեց «Բարսելոնայի»՝ 2015-16թթ․ մրցաշրջանի ընթացքում սահմանած ռեկորդը (39)։

2016 թվականի հունվարի 4-ին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակված Զինեդին Զիդանի համար սա բացառիկ ցուցանիշ է։ Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «սերուցքայիններն» ընդամենը երկու պարտություն են կրել՝ վերջին անգամ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում զիջելով «Վոլֆսբուրգին» (0:2, 7.04.2016թ․)

Զիդանից առաջ «Ռեալում» անպարտելի հանդիպումների քանակով ռեկորդակիր էր լեգենդար մարզիչ Լեո Բենհակերը, ում գլխավորությամբ «սերուցքայինները» 34 անընդմեջ խաղում պարտություն չէին կրել 1988-89թթ․ մրցաշրջանում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում