Ինչի՞ է Զիդանը հասել «Ռեալի» հետ

Ինչի՞ է Զիդանը հասել «Ռեալի» հետ

2016-ի հունվարի 3-ին Ռաֆայել Բենիտեսն ավարտեց աշխատանքը «Ռեալում», իսկ արդեն հաջորդ օրը «սերուցքայինները» նոր մարզիչ ունեցան՝ Զինեդին Զիդանը: Այդ ժամանակ շատերին թվաց, թե Ֆլորենտինո Պերեսը շտապում է՝ ակումբի ղեկը վստահելով համեմատաբար անփորձ ֆրանսիացուն, սակայն կասկածամիտների շարքերն աստիճանաբար թեթևացան։

Անցել է մեկ տարի, ի՞նչ ենք տեսել այդ մեկ տարում: Մադրիդցիները հպարտությամբ բարձրացրին Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթը, լավ անցկացրին Իսպանիայի նախորդ առաջնության երկրորդ հատվածը, ապա նվաճեցին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Աշխարհի ակումբային առաջնության գավաթը, իսկ հիմա վստահ գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը և առաջ են գնում Իսպանիայի գավաթի և Հին աշխարհի գլխավոր մրցանակի համար պայքարի ճանապարհով: Եվ այս ամբողջ ընթացքում Զիդանի թիմն ընդամենը 2 պարտություն է կրել։

Միայն թե մարզչի աշխատանքը պետք չէ բացառապես արդյունքների հիման վրա գնահատել, դրանք երբեմն ամբողջ պատկերը ցույց չեն տալիս: Փորձենք ամփոփել Զիդանի մադրիդյան աշխատանքի մեկ տարին ու հասկանալ՝ 52 շաբաթվա մեջ ֆրանսիացին ինչ հաջողություններ է գրանցել։

Շատ մեծ շեշտադրում չկատարել մարտավարության վրա

Եթե բավականաչափ փորձ չունեք, ապա հաջողության հասնելու համար հարկավոր է լավ ճանաչել ձեր ուժեղ ու թույլ կողմերը: Պետք չէ ձևանալ այնպիսին, ինչպիսին չեք: Զիդանը մարտավարական ծրագրերի սիրահար չէ, խաղերի ընթացքում էլ սաներին անընդհատ վերադասավորելու հակում չունի:

Զիդանը չսկսեց փիլիսոփայել, անսպասելի համադրություններ չառաջարկեց, ոչ էլ ֆուտբոլիստներին ստիպեց իրենց համար անհնար գործառույթներ կատարել: Նա պարզապես ընդունեց, որ իր տրամադրությամբ այնպիսի վարպետներ ունի, ովքեր հիանալի հասկանում են, թե ինչ է պետք անել: Կրոսին կամ Մոդրիչին մարտավարության վերաբերյալ դասեր տալ պետք չէ, պարզապես մնում է համապատասխան մթնոլորտ ձևավորել։

Մեծ ուշադրություն ֆիզիկական պատրաստվածությանը

Այստեղ ևս ամեն ինչ շատ պարզ է: Զիդանի մամուլի ասուլիսները հետաքրքրիր չես անվանի, նա գրեթե չի խոսում մարտավարությունից, բայց փոխարենը պարբերաբար նշում է բարձր տեմպը պահելու անհրաժեշտության, մի ամբողջ օրգանիզմի պես աշխատելու մասին: Դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր ներդրումն ունենա, իսկ ներդրում ունենալու համար մարզումների ընթացքում աշխատեք, աշխատեք, աշխատեք․․․․ Զիդանի ու ֆուտբոլիստների զրույցները հստակ բովանդակություն ունեն՝ կա՛մ 100% եք աշխատում, կա՛մ դադարում եմ վստահել ձեզ:

Հոգեբանական լավ տրամադրվածություն բոլոր համար

Մեզանից յուրաքանչյուրը հիանալի հասկանում է՝ որքան հաճելի ու հեշտ է աշխատանքի գնալ, երբ լավ հարաբերությունների մեջ ես գործընկերներիդ հետ: Թոփ-ակումբում աշխատելու գլխավոր բարդություններից է այն, որ բոլոր աշխատակիցները գոհ լինեն: Նման ակումբներում այնպիսի աստղեր են, ովքեր համոզված, թե միայն մեկնարկային կազմին են արժանի․․․

Գուցե տարօրինակ է հնչում, սակայն բոլորին խաղաժամանակ տրամադրելու հարցում Զիդանին օգնում են պարբերական վնասվածքները, բայց նաև չի կարելի չնկատել, որ ֆրանսիացին կարողանում է բոլորին վստահեցնել թիմի համար իրենց կարևորությունը: Ասուլիսների ժամանակ ևս ֆրանսիացին չի խոսում առանձին ֆուտբոլիստների դերի մասին, սովորաբար նա ընդգծում է, որ բոլորն են իր ու թիմի համար կարևոր։

Ուշադրություն դարձնենք, որ Զիդանի վստահությունը ոչ միայն առաջատարներին է վերաբերում, այլ այն բոլոր խաղացողներին, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում պահեստայինների նստարանը: Գուցե այս հարցում Զիդանին նաև իր հեղինակությունն է օգնում, բայց ինչ տարբերություն, թե ինչպես, եթե այնուամենայնիվ կարողանում ես հաջողությամբ վերահսկել իրադրությունը:

Պայքար մինչև վերջ

Մադրիդցիների ղեկը ստանձնելուց հետո «Ատլետիկոյից» ու «Վոլֆսբուրգից» կրած պարտություններից բացի Զիդանի սաները խաղադաշտից տխուր չեն հեռացել և քանի՜ անգամ են պարտությունից խուսափել կամ հասել հաղթանակի եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ։ Շատ հեռու չգնալու համար բավարար է հիշել «Սևիլյայի» հետ երեկվա հանդիպումը․․․

Իհարկե, բարդ է ասել, թե ինչում է ֆրանսիացու հաջողության գաղտնիքը, բայց եթե դուք կարողանում եք բարձր մրցակցության պայմաններում մոտիվացնել ֆուտբոլիստներին, սպասեք ցանկալի արդյունքի: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե բախտը քայլում է «Ռեալին» համընթաց, խորհուրդ՝ ևս մեկ անգամ ու ավելի ուշադիր դիտել Ռամոսի ու թիմակիցների «փրկած» հանդիպումները։

Այդուհանդերձ, ամեն ինչ չէ, որ իդեալական է։ Ի՞նչ (դեռ) չի հաջողվել Զիդանին

1․ Մի քանի ամիս առաջ Զիդանը ռադիոյում աշխատող Ֆրանսիայի հավաքականի իր հին խաղընկեր Քրիստոֆեր Դյուգարիին տված հարցազրույցում խոստովանեց, որ ժամանակ առ ժամանակ իր սաները դաշտ են դուրս գալիս առանց անհրաժեշտ պատասխանատվության զգացումի:

Դա հատկապես զգալի էր սեպտեմբերին, երբ «Ռեալը» երեք անընդմեջ խաղում հաղթել չկարողացավ, իսկ մրցակիցներն էին «Վիլյառեալը», «Լաս Պալմասն» ու «Էյբարը»: Անգամ Չեմպիոնների լիգայում մադրիդցիները խիզախեցին նման քայլի դիմել։ Աստիճանաբար երիտասարդացող կազմն ու մրցակցի նկատմամբ առավելություն ունենալու ներքին զգացողությունը երբեմն չար կատակ են խաղում Զիդանի հետ։

2․ Խամես Ռոդրիգես

Այս տղան ժամանակին ուներ թիմի գլխավոր աստղի կարգավիճակում Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու պոտենցիալը: Բարձր խաղամակարդակն ու իդեալական իմիջը կգրավեին անգամ ֆուտբոլից հեռու մարդկանց, բայց․․․

Զիդանը մինչև հիմա չի կարողանում ճիշտ մոտեցում ցույց տալ կոլումբիացուն: Խամեսն այն ֆուտբոլիստը չէ, ով կարող է գոհանալ պարբերաբար դաշտ դուրս գալով, իսկ Զիդանը չի կարողանում հիմնական կազմում տեղ գտնել նրա համար: Բայց անգամ այս դեպքում կողմերը պարբերաբար հերքում են տարաձայնությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը, իսկ Խամեսը վստահեցնում է, որ չի պատրաստվում դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու առաջարկներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում