Արթուր Նազարյան. ԵՏՄ-ում քննարկվում է հայ մարզիկների կարգավիճակի հարցը

Արթուր Նազարյան. ԵՏՄ-ում քննարկվում է հայ մարզիկների կարգավիճակի հարցը

Հայկական բասկետբոլի համար 2017 թվականը նորանկախ պատմության ընթացքում ամենահագեցածն է լինելու: Հավաքականների առջև դրված խնդիրների, 3×3 բասկետբոլի մրցելույթների դադարեցման, NBA-ում աշխատող ճանաչված հայ մարզիչ Ռեքս Կալամյանի և այլ հարցերի շուրջ Sport.Times.am-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ:

Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ հետևյալ հղումով:

-Հայաստանը 3×3 բասկետբոլում դեռ 2 տարի առաջ շատ ակտիվ էր, խոշոր մրցաշարերի էր մասնակցում, սակայն նախորդ տարի անհետացել է տեսադաշտից: Ի՞նչն է պատճառը:

-Նախանցած տարի 18 տարեկանների թիմը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, դա տպավորիչ արդյունք էր: Երբ մեկնեցինք Բելառուս, մեզ ասացին, որ անկախ գրաված տեղից, իրավունք չենք ունենա նվաճելու աշխարհի առաջնության ուղեգիր: Պատճառաբանեցին, որ չենք կարող խաղալ, քանի որ մեր երկրում բավականաչափ մրցումներ չեն անցկացվել, ինչպես նաև այլ գործոններ մատնանշեցին՝ հայտնելով, որ դրանք հաստատված են օրենքներով:

Այդ նորությունը բացասական ազդեցություն ունեցավ թիմի վրա, որովհետև ցանկացած մարզիկ առանց առավելագույնին հասնելու հնարավորության, կորցնում է մոտիվացիան: Բոլոր մարզաձևերում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ընտրական փուլ է անցկացվում կամ հաշվի են առնվում Եվրոպայի առաջնությունում ունեցած ելույթները: 3×3 բասկետբոլում հենց ԵԱ-ն է հաշվարկվում, սակայն մեր ելույթներից անկախ մեզ արգելեցին: Դա հիասթափեցրեց տղաներին: Հետագայում շատացան մեծ բասկետբոլի մրցումները

-Մանկապատանեկան տարիքային խմբերում մեծացե՞լ է բասկետբոլով զբաղվել ցանկացողների թիվը:

-Զբաղվողները և ցանկացողները շատ են, սակայն ինչպես բոլոր թիմային մարզաձևերում, գալիս է բանակային տարիքը և մարզիկների մեծ մասը դադարում են զբաղվել սպորտով:
Ընդհանուր մեծ խնդիր է այն, որ չկան պրոֆեսիոնալ ակումբներ, որոնց կազմում բասկետբոլիստներն ու բասկետբոլիստուհիները կկարողանան մարզվել, պրոֆեսիոնալ, մրցումների մասնակցել և մարզավիճակ պահպանել: Աղջիկների դեպքում վիճակը մի փոքր ավելի լավ է այն տեսանկյունից, որ բանակի խնդիր չկա: Ի դեպ, Եվրոպայի վերջին առաջնության ժամանակ կանանց Մ-18 ընտրանու 12 ներկայացուցիչներից 8-ը հայաստանյան ակումբներից են:

– Հավաքականների առջև 2017 թվականին ի՞նչ նպատակներ են դրվել:

-Բոլոր այն 4 հավաքականների առջև, որոնք մասնակցում են C դիվիզիոնին, խնդիր է դրված նվազագույնը մեդալ նվաճելու, այսինքն՝ լինելու եռյակում: Կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան, որ առաջին տեղերը զբաղեցնենք: Տղամարդկանց մեր 20 տարեկանների հավաքականը բավական ուժեղ կազմ ունեցող B դիվիզիոնում է խաղալու, որտեղ հայտնվել է բարդ խմբում (Ֆինլանդիա, Մալթա, Բելառուս, Բելգիա և Լեհաստան), սակայն մեր ամենամեծ պոտենցիալ ունեցող հավաքականը հենց այս ընտրանին է: Այն մեր թիմերի մեջ ամենախոստումնալից բասկետբոլիստներով է համալրված: Գրեթե բոլորը խաղում են ԱՄՆ-ի ուսանողական լիգայում: Խնդիր է դրված նվազագույնը հաղթահարելու խմբային փուլը, իսկ փլեյ-օֆֆում փորձել հնարավորինս հեռուն գնալ:

Ազգային հավաքականը խաղալու է շատ ուժեղ մրցակիցների հետ՝ Բոսնիա և Հերցեգովինա, Շվեդիա ու Սլովակիա: Բալկանյան թիմը չափազանց ուժեղ է, այնտեղ են խաղում NBA-ում հանդես եկող 2 բասկետբոլիստներ: Շվեդները նույնպես ուժեղ կազմ ունեն: Նրանց խաղացողները հանդես են գալիս ԱՄՆ-ում, ինչպես նաև Եվրոպայի առաջատար ակումբներում: Ինչ վերաբերվում է Սլովակիային, ապա նրանք խաղում ներքին առաջնության բասկետբոլիստներով: Հայաստանի հավաքականի առջև նպատակ է դրված բարձր պահել երկրի պատիվը, արժանի խաղ ցուցադրել: Քանի դեռ գլխավոր մարզչի հարցը չի լուծվել, չեմ ցանկանում նրա փոխարեն պատասխանել թիմի հեռանկարների մասին հարցին:

-Տիգրան Գյոկչյանը չի՞ շարունակելու աշխատանքը:

-Նրա հետ համաձայնությունը մինչև Փոքր երկրների առաջնության ավարտն էր: Գյոկչյանն այնպիսի մարզիչ է, որ կարող է լուրջ ակումբից առաջարկ ստանալ ու ամբողջ տարին զբաղված լինել, ինչը թույլ չի տա համատեղել ազգային ընտրանու մարզչի պաշտոնի հետ: Մանավանդ հիմա, երբ հավաքականի խաղերի օրացույցն ընդլայնվել է ամբողջ տարվա կտրվածքով: Մարզչի հարցի շուրջ հստակություն կլինի փետրվարին:

-Հայկական բասկետբոլում լուրջ խնդիր է նաև մրցավարների հարցը: Ֆեդերացիան ի՞նչ աշխատանքներ է կատարելու մրցավարների մակարդակը բարձրացնելու համար:

-Այս պահին այդ ուղղությամբ աշխատում ենք ՖԻԲԱ-ի հետ: Մրցավարների համակարգն այս տարվա մայիսից փոխվելու է: Ամեն երկու տարին մեկ ֆեդերացիաները ներկայացնելու են իրենց տեսուչների ու մրցավարների ցանկը, որոնց համարում է բարձր մակարդակի և ովքեր կկարողանան միջազգային հանդիպումներ սպասարկել:

Նախկինում այլ կերպ էր: Քննություններ էին լինում, ցանկացողները մասնակցում էին և ՖԻԲԱ-ն որոշում էր նրանցից ում վստահի: Այսուհետ այդ գործընթացը վստահվելու է ազգային ֆեդերացիաներին: Մենք երկար ժամանակ միջազգային մրցավար չենք ունեցել: Վերջին մրցավարը եղել է ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ով ժամանակին նույնիսկ Եվրոպայի սուպերգավաթի հանդիպում է սպասարկել: Այդ պատճառով ֆեդերացիան ինտենսիվ աշխատանքներ է տանում մի քանի մրցավարների հետ, որպեսզի նախապատրաստի նրանց և ՖԻԲԱ-ին ներկայացնի նրանց թեկնածությունները:

Փոխվելու է նաև տեսուչների գործառույթները: Արդեն տեսուչները դառնալու են տեխնիկական պատվիրակներ, ովքեր հետևելու են խաղերի կազմակերպմանը: Իսկ մրցավարների ելույթների գնահատական տալու համար լինելու են մրցավարների առանձին տեսուչներ: Հայաստանից այս պահին միայն ես ունեմ համապատասխան տեսուչի արտոնագիր:

Հավելեմ, որ աշխատանքներ են տարվում հայ մարզիչների հետ, որպեսզի նրանք բավարար գիտելիքներ ու որակավորում ստանան և հետագայում կարողանան պրոֆեսիոնալ գործունեություն ծավալել:

-Ռուսաստանի Սուպերլիգայում «Ուրարտուին» շատ էր խանգարել ռուս խաղացողների լեգիոնականի կարգավիճակը: Փորձե՞լ եք ինչ-որ քայլերի դիմել, որ հայ ու Հայաստանի քաղաքացի բասկետբոլիստները Ռուսաստանում և ընդհանրապես ԵՏՄ-ի կազմի մեջ մտնող երկրներում լեգիոներ չհամարվեն:

-Դեռևս անցած տարի բասկետբոլի ֆեդերացիան դիմել է սպորտի նախարարությանը, որ քննարկվի ԵՏՄ-ի կազմի մեջ մտնող երկրներում հայ բասկետբոլիստների կարգավիճակը: Այսօր ռուսական սպորտում մի շարք սահմանափակումներ կան: Ինձ հայտնի են ֆուտբոլի, հոկեյի ու բասկետբոլի օրինակները: Եթե նայում ենք օրենքներին, ապա Հայաստանի, ինչպես նաև Եվրասիա միության մյուս երկրների քաղաքացիները պետք է հավասար աշխատանքային պայմաններ ունենան: Տարբերություն չկա մարդը վարսավիր է աշխատում, բանվոր, թե բասկետբոլիստ է: Մեր կառավարությունները համաձայնագիր է ստորագրել, ըստ որի մեր քաղաքացիներն այդ երկրներում, օրինակ Ռուսաստանում, պետք է հավասար իրավունքներ ունենան: Սակայն «Ուրարտուի» օրինակով տեսանք, որ խնդիրը շատ արդիական է և պետք հնարավորինս արագ լուծում ստանա:

Մեր նամակից հետո սպորտի նախարարությունը դիմել է կառավարությանը: Այնտեղ ԵՏՄ-ի գծով պատասխանատուները քննարկումներ են կազմակերպել: 2016 թվականի վերջում եղավ ինտերակտիվ քննարկում, որին մասնակցեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, սպորտի նախարարությունը և կառավարությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ներկայացուցիչները և ԵՏՄ-ն: Քննարկման ընթացքում բելառուսները և ղազախներն աջակցություն հայտնեցին այս խնդրի բարձրացմանը, նշելով, որ հատկապես հոկեյում դա նրանց շատ է խանգարում, որովհետև նրանց շատ հոկեյիստներ հանդես են գալիս Ռուսաստանում: Ռուսաստանն իր հերթին նույնպես մտահոգություն հայտնեց խնդրի լուծման շուրջ: Այժմ այդ խնդրի լուծման համար աշխատանքներ են կատարվում: Ես հիմա չեմ կարող բոլոր փակագծերը բացել, որովհետև տեղյակ չեմ, թե որ տվյալներն են ենթակա հրապարակման: Միայն կարող եմ ասել, որ հետևողական աշխատանքներ են տարվում, որ այդ խնդիրը վերանա, ինչից կշահեն նաև մյուս մարզաձևերը: Սա հայկական սպորտի համար գլոբալ հարց է և իրավաբանորեն մենք ճիշտ ենք: Հուսով ենք, այս ցավոտ հարցը դրական լուծում կստանա:

-Հարցազրույցի սկզբում խոսեցիք բակսետբոլում սփյուռքի կարևոր դերի մասին: Սփյուռքը միայն կադրերո՞վ է աջակցում: Ֆինանսավորման տարբերակներ չկա՞ն:

-Մենք ունենք հայկական բասկետբոլի զարգացման հիմնադրման, որը վերջերս վերսկսել է գործունեությունը: Նրա կազմի մեջ լինելու է հոգաբարձությունների խորհուրդ: Այդ խորհուրդի մեջ են մտնելու հայտնի մարդիկ՝ բասկետբոլիստներ, մարզիչներ, գործակալներ… Նրանք, ովքեր անհանգստանում են հայկական բասկետբոլի համար: Այդկերպ ցանկանում ենք մոբիլիզացնել ամբողջ հայության ներուժը, որպեսզի կարողանանք պահպանել և բարձրացնել մեր բասկետբոլի մակարդակը: Մեր բասկետբոլի աշխարհագրությունը շատ մեծ է՝ սկսած Երևանից մինչև Սախալին, Ավստրալիայից մինչև ԱՄՆ-ը:

-Հայտնի է, որ վերջին տարիներին NBA-ի «Տորոնտո Ռեպտորսի» ճանաչված հայ մարզիչ Ռեքս Կալամյանը մշտական կապի մեջ էր ՀԲՖ-ի հետ: Նրա հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է:

-Այո, շարունակվում է: Կալամյանը շատ մեծ հայրենասեր է և շատ է անհանգստանում հայկական բասկետբոլի համար: Նա ԱՄՆ-ում մեզ օգնում է՝ կատարելով սելեկցիոն աշխատանք: Ճիշտ է, «Տորոնտոյում» նրա զբաղվածությունը շատ է, սակայն նա ամռան իր ազատ ժամանակը պատրաստ է անցկացնել հավաքականի հետ: Մասնավորապես, նա ներկա է լինելու ԱՄՆ-ում մեր Մ-20 տարեկանների հավաքականի հավաքին: Մենք նրա հետ ամենօրյա կապի մեջ ենք: Նրա կողքին են բարձրակարգ մասնագետներ, որոնք ևս պատրաստակամ են օգնելու մեզ:

Մեզ հետ համագործակցում է նաև Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող գործակալ Սևակ Գեուչյանը՝ Շվեյցարիայից: Նրա ջանքերով շատ հայ բասկետբոլիստներ հետաքրքրված են հայկական բասկետբոլով: Նա էլ ամեն կերպ փորձում է աջակցել և օգնել մեզ:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում