Աֆրիկյան զոհաբերություն․ ԱՊԼ-ում ո՞վ է ամենաշատը տուժում Աֆրիկայի գավաթի պատճառով

Աֆրիկյան զոհաբերություն․ ԱՊԼ-ում ո՞վ է ամենաշատը տուժում Աֆրիկայի գավաթի պատճառով

Ձմռան կեսն է, ու սա նշանակում է, որ մոտենում է հատկապես եվրոպական ակումբների համար մրցակցության ամենաանհաջող պահը: Միայն Անգլիայի Պրեմիեր լիգայից 20-ից ավելի ֆուտբոլիստ մեկնել է Գաբոն՝ մասնակցելու Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Հասկանանք, թե որ թիմերն են ավելի շատ տուժելու։

Ո՞վ է բոլորից շատ տուժելու

Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդում» կատարած 99 տրանսֆերներին նայելով՝ ուշադրություն է գրավում այն, որ միայն 4 ֆուտբոլիստ է աֆրիկացի եղել: Նախկին մարզիչը շատ լավ գիտակցում էր, որ մրցաշրջանի ընթացքում նրանցից շատերը կարող են թողնել ակումբը: Ժոզե Մոուրինյուն ամռանը 30 մլն ֆունտ վճարեց Էրիկ Բայիի համար՝ հայտարարելով, որ որոշ ֆուտբոլիստների համար արժե ռիսկի դիմել: 

Պորտուգալացի մասնագետը դեռևս ճիշտ է. Բային հիանալի է աշխատում մանչեսթերյան ակումբի պաշտպանությունում։ Հաշվի առնելով, որ «կարմիր սատանաները» հասել են FA Cup-ի 1/16 եզրափակիչ՝ Բային անհասանելի կլինի 7 խաղի ընթացքում: Չմոռանանք, որ այդ խաղերի թվում է նաև «Լիվերպուլի» հետ առանցքային դիմակայությունը: Ճիշտ է, «Լիվերպուլն» էլ կթուլանա Սադիո Մանեի կորստով, ով մեկնել է Սենեգալի շարքերը համալրելու:

Քանի դեռ շատ ակումբներ մտածում են, թե ինչպես փոխարինեն աֆրիկացի ֆուտբոլիստներին, «Չելսին» կարող է հանգիստ հետևել իրավիճակին: Կար ժամանակ, երբ Աֆրիկայի ազգերի գավաթը «Չելսիի» համար սարսափելի երևույթ էր, քանի որ Դիդյե Դրոգբան, Մայքլ Էսյենն ու Սալոմոն Կալուն նրանց շարքերում էին: Հիմա թիմը միանգամայն ապահով է՝ հատկապես հաշվի առնելով Նիգերիայի անսպասելի ձախողումը: Վիկտոր Մոզեսը կմնա Կոնտեի տրամադրության տակ, իսկ Ջոն Օբի Միկելը մեկնել է Լոնդոն-Տյանցզի երթուղով:

«Ազնվականները» կարող են մեծ խնդիրներ ակնկալել իրենց մրցակիցներից: Հիշենք, թե ինչպես էր 2015-ին նրանց գլխավոր մրցակից «Մանչեսթեր Սիթին» օդի պես զգում էր Յայա Տուրեի ու Վիլֆրիդ Բոնիի կարիքը:

Հանգիստ է նաև «Տոտենհեմը», իսկ «Արսենալը» կարող է փոխարինել Մոհամեդ Էլ-Նենիին: Նույնը չի կարելի ասել «Սանդերլենդի» ու «Լեսթերի» մասին, որոնց լավ ժամանակներ չեն սպասում:

Դևիդ Մոյեսը կորցնում է Կոտ դ՛Իվուարի պաշտպան Լամին Կոնեին, Գաբոնի կիսապաշտպան Դիդյե Նգոլային ու թունիսցի Վահբի Հազրիին: Երեքից երկուսը «Լիվերպուլի» դեմ խաղում (2:2) հաջողության կերտողներից էին: Կոնեի կորուստն առանձնակի ծանր է Մոյեսի համար, քանի որ նա շատ լավ հիշում է՝ իր «Էվերթոնը» ժամանակին ձախողեց, երբ Աֆրիկայի գավաթի համար կորցրեց Ժոզեֆ Իյոբոյին: Հիմա «Սանդերլենդի» պաշտպանության կենտրոնում կարելի է սպասել Ջոն Օ՛Շիի ու Պապի Ջիլոբորջիի դուետին, քանի որ վերջինս չի հրավիրվել Սենեգալի հավաքական:

Եթե հավատանք բուքմեյքերներին, Ալժիրի հավաքականը կհայտնվի եզրափակչում, ինչն էլ մեծապես կազդի «Լեսթերի» վրա, քանի որ թիմը կորցնում է Ռիյադ Մարեզին ու Իսլամ Սլիմանիին: Մարեզը նախորդ մրցաշրջանի նման չի փայլում, բայց, իհարկե, ավելի լավ է խաղալ նրա հետ, քան առանց նրա։ Չի կարելի մոռանալ նաև Դանիել Ամարտիի մասին, ով նոր է սկսել մարզավիճակ հավաքել։

Կարելի է նաև լավ կողմից նայել ստեղծված իրավիճակին, քանի որ այս պարագայում գլխավոր պլան է դուրս գալիս տաղանդավոր Դեմարեյ Գրեյը, ով այս մրցաշրջանում կարողացել է շատերի սիրտը գերել: Հնարավորություն կստանա նաև Ահմեդ Մուսան։

«Հալը» ևս նյարդայնանում է, քանի որ հիմնական կազմի կարևոր ֆուտբոլիստների է կորցնում: Անգլիան լքում են նաև Ահմեդ Էլ-Մուհամադին ու Դյոմերսի Մբոկանին։ Չմոռանանք նաև «Քրիստալ Փելասին»: Մարզիչ Սեմ Էլարդայսը հիմա գուցե զղջում է, որ ժամանակին Անգլիա չի հրավիրել Ուիլֆրիդ Զահային, ով «երեք առյուծների» հրավերից հուսահատ նախընտրեց Կոտ դ՛Իվուարը: Նրան չի փոխարինի նաև Բակարի Սակոն, ով հանդես է գալու Մալիում: Միևնույն ժամանակ «Ուոթֆորդը» առանցքային հարձակվողի է կորցնում՝ Նորդին Ամրաբատին, ով պատրաստվում է ելույթ ունենալ Մարոկոյի կազմում։

Այդ նույն Կոտ դ՛Իվուարը «խլել է» Վիլֆրիդ Բոնիին, ով թեև չի դարձել «Սթոքի» առաջատարը, բայց ամեն դեպքում չէր խանգարի Մարկ Հյուզին: Թիմը լքել են նաև Ռամադան Սոբհին և Մամե Բարիմ Դիուֆը:

«Վեսթ Հեմի» համար շատ բան է ասում Սենեգալի ուժը՝ Շեյհու Կույատեն: Թիմը նրա հետ լքել է Անդրե Այուն: Վերջերս ակումբին ուրախացրեց Ալժիրի՝ Ֆեգուլին հավաքական չհրավիրելու որոշումը: Լիվերպուլում աֆրիկացիների բացակայությունը զգալու է ոչ միայն համանուն թիմը․ «Էվերթոնը» կորցնում է Իդրիս Գույեին: 

Ներկայացնում ենք ԱՊԼ-ի աֆրիկացի ֆուտբոլիստների ու նրանց ցուցակը, ովքեր մասնակցելու են Աֆրիկայի գավաթի 2017 թվականի խաղարկությանը:

«Արսենալ»
Մեկնել է՝ Մոհամեդ էլ-Նենի (Եգիպտոս)
Չի մեկնել՝ Ալեքս Իվոբի (Նիգերիա)

«Բորնմուտ»
Մեկնել է՝ Մաքս Գրադել (Կոտ դ՛Իվուար)
Չի մեկնել՝ Բենիկ Աֆոբե (Գոնգո)

«Բերնլի»
Չի մեկնել Տենդայի Դարկիվա (Զիմբաբվե)

«Չելսի»
Չի մեկնել՝ Վիկտոր Մոզես (Նիգերիա)

«Քրիստալ Փելաս»
Մեկնել են՝ Բակարի Սակո (Մալի), Ուիլֆրիդ Զահա (Կոտ դ՛Իվուար)
Չեն մեկնել՝ Կվեսի Ապիյա (Գանա), Պապ Սուարե (Սենեգալ)

«Էվերթոն»
Մեկնել է՝ Իդրիսա Գույե (Սենեգալ)
Չեն մեկնել՝ Յանիկ Բոլասի (Կոնգո), Արունա Կոնե (Կոտ դ՛Իվուար), Ումար Նիասե (Սենեգալ)

«Հալ Սիթի»
Մեկնել են՝ Ահմեդ-ալ Մուհամեդի (Եգիպտոս), Դյոմերսի Մբոկանի (Կոնգո)

«Լեսթեր»
Մեկնել են՝ Դանիել Ամարտի (Գանա), Ռիյադ Մարեզ և Իսլամ Սլիմանի (երկուսն էլ՝ Ալժիր)
Չեն մեկնել՝ Յոան Բենալուան (Թունիս), Ահմեդ Մուսա (Նիգերիա), Ջեֆրի Շլուպ (Գանա)

«Լիվերպուլ»
Մեկնել է՝ Սադիո Մանե (Սենեգալ)
Չի մեկնել՝ Ժոել Մատիպ (Կամերուն)

«Մանչեսթեր Սիթի»
Չեն մեկնել՝ Կելեչի Իխենաչո (Նիգերիա), Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար)

«Մանչեսթեր Յունայթեդ»
Մեկնել է՝ Էրիկ Բայի (Կոտ դ՛Իվուար)

«Միդլսբրո»
Չեն մեկնել՝ Էմիլիո Նսուե (Հասարակածային Գվինեա), Ադամա Տրաորե (Մալի)

«Սաութհեմփթոն»
Մեկնել է՝ Սոֆյան Բուֆալ (Մարոկո)

«Սթոք Սիթի»
Մեկնել են՝ Վիլֆրիդ Բոնի (Կոտ դ՛Իվուար), Մամե Բիրամ Դիուֆ (Սենեգալ), Ռամադան Սամբոխի (Եգիպտոս)

«Սանդերլենդ»
Մեկնել են՝ Վահբի Հազրի (Թունիս), Լամին Կոնե (Կոտ դ՛Իվուար), Դիդյե Նդոնգ (Գաբոն)
Չեն մեկնել՝ Վիկտոր Անիչեբե (Նիգերիա), Պապի Ջիլիոբոջի (Սենեգալ), Սթիվեն Պիենար (ՀԱՀ)

«Սուոնսի»
Չի մեկնել՝ Մոդու Բարոու (Գամբիա)

«Տոտենհեմ»
Չի մեկնել՝ Վիկտոր Վանյամա (Քենիա)

«Ուոթֆորդ»
Մեկնել են՝ Նորդին Ամրաբադ (Մարոկո), Ադլեն Գեդիուլա (Ալժիր)
Չեն մեկնել՝ Բրիս Ջա Ջեջե (Կոտ դ՛Իվուար), Օդիոն Իգալո (Նիգերիա), Այզա Սակսես (Նիգերիա)

«Վեսթ Բրոմվիչ»
Չեն մեկնել՝ Բրենդան Գալովեյ (Զիմբաբվե), Ալան Նյոմ (Կամերուն)

«Վեսթ Հեմ»
Մեկնել են՝ Անդրե Այու (Գանա), Շեյհու Կույատե (Սենեգալ)
Չեն մեկնել՝ Սոֆյան Ֆեգուլի (Ալժիր), Պեդրո Օբիյանգ (Հասարակածային Գվինեա), Դիաֆրա Սակո (Սենեգալ)։

Ահա այսպիսին է Աֆրիկան. իր կանոններն է թելադրում ու խառնում աշխարհի ամենահարուստ լիգաներից մեկի խաղաքարտերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում