Մեկնարկում է մեծ թենիսի շքերթը

Մեկնարկում է մեծ թենիսի շքերթը

Հունվարի 16-ին, Մելբուրնում կմեկնարկի Ավստրալիայի Բաց առաջնության 105-րդ խաղարկությունը։ «Մեծ Սաղավարտի» չորս մրցաշարերի շարքում «Australian Open»-ը ամենաերիտասարդն է։ Այն անցկացվում է 1905 թվականից, սակայն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում (1916-1918, 1941-1945) չի կայացել։

Ավանդաբար առաջնությունն անցկացվել է հունվարին, սակայն 1977 թվականին որոշում կայացվեց այն տեղափոխել դեկտեմբեր․ արդյունքում այդ տարվա ընթացքում առաջնությունն անցկացվեց երկու անգամ։ 1987-ին անցկացման ժամանակահատվածի համար կրկին հունվարն ընտրվեց, դրա համար էլ 1986-ին մրցաշարը չկայացավ։

Պարբերաբար փոխվել է նաև անցկացման վայրը․ այն 56 անգամ անցկացվել է Մելբուրնում, 17 անգամ՝ Սիդնեյում, 14 անգամ՝ Ադելաիդայում, 7 անգամ՝ Բրիսբենուն, 3 անգամ՝ Պերթում, ինչպես նաև Կրիստչյորչում ու Հասթինգսում։ Մինչև 1987 թվականն առաջնությունն անցկացվում էր ավանդական ծածկույթով՝ խոտով կորտերում, իսկ հետո անցում կատարվեց հարդին։ 1988-2007 թվականներին կանաչ «Rebound Ace» էր, իսկ 2008-ից՝ կապույտ «Plexicushion»

Մելբուրնի կենտրոնական կորտը, որ կառուցվել է 1988 թվականին, նախատեսված է 15 հազար հանդիսականի համար։ 2000 թվականին կորտն անվանակոչվեց լեգենդար Ռոդ Լեյվերի պատվին՝ «Rod Laver Arena»։ Կորտն ունի շարժական տանիք, որի շնորհիվ հնարավոր է խաղերն անցկացնել եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում։ Նշանակությամբ կենտրոնական կորտին հաջորդում են «Hisence Arena»-ն (10 500 նստատեղ) և «Margaret Court Arena»-ն (7500)։ 2012 թվականին արձանագրվեց առաջնության ամենամեծ հաճախելիությունը՝ 686 006 հանդիսական, սակայն ընդամենը երեք տարի անց այս ցուցանիշը հասավ 703 899-ի, իսկ նախորդ խաղարկությանը կորտերից հետևել է 720 899 հանդիսական։

Մրցանակային գումարը հանձնում են ավստրալական դոլարով (A $ 1 = US $ 0,75)։ 2016 թվականին ընդհանուր մրցանակային գումարը կազմել է 44 մլն դոլար, իսկ այս խաղարկության համար սահմանվել է 50 մլն դոլար։ Ընդ որում, տղամարդկանց և կանանց մենախաղերի մրցաշարերի հաղթողները կստանան 3․7 մլն դոլար, իսկ եզրափակչի մասնակիցները՝ 1․9 մլն դոլար։

Տղամարդկանց մենախաղի հաղթողը հարստանալուց բացի կստանա «Norman Brookes Challenge Cup» փոխանցվող գավաթը, որ ավստրալացի թենիսիստ Նորման Բրուկսի պատվին է կոչվում, իսկ կանանց մենախաղի հաղթողին կհանձնեն «Daphne Akhurst Memorial Cup»-ը, որը մրցաշարի հնգակի չեմպիոնուհի Դաֆնի Ակհյորստի պատվին է կոչվում։

Grand Slam, Մելբուրն (Ավստրալիա). Australian Open

Մրցանակային գումարը՝ 50 մլն դոլար
Հարդ, բաց կորտեր
Անցկացման շրջանը՝ հունվարի 16-29
Երևանի հետ ժամանակային տարբերությունը՝ +8
Գործող չեմպիոնուհին՝ Անժելիկա Կերբեր
Գործող չեմպիոն՝ Նովակ Ջոկովիչ

Կանանց մրցաշարն անցկացվում է 1922 թվականից։ Այստեղ 5 անգամ չեմպիոնուհի է դարձել Դաֆնա Ակյորստը, 6-ական անգամ՝ Նենսի Ուին-Բոլտոնը (1937, 1940, 1946-1948, 1951), Սերենա Ուիլյամսը (2003, 2005, 2007, 2009, 2010, 2015), 11 անգամ՝ Մարգարետ Սմիթ-Կորտը (1960-1966, 1969-1971, 1973)։

Եթե հաշվի առնենք միայն նոր ժամանակներում տոնած հաղթանակները, Սերենա Ուիլյամսն իր 6 տիտղոսներով հավասարը չունի։ Չորսական անգամ Ավստիալիայի Բաց առաջնության չեմպիոնուհի են դարձել Իվոն Գուլագոգը, Շտեֆի Գրաֆը, Մոնիկա Սելեշը, երեքական անգամ՝ Մարտինա Նավրատիլովան ու Մարտինա Հինգիսը։ Վերջինս մրցաշարի ամենաերիտասարդ չեմպիոնուհին է․ 1997 թվականին Հինգիսը պատվավոր մրցանակը նվաճել է 16 տարեկան, 3 ամսական հասակում։

Կանանց մրցաշարին մասնակցությունից հրաժարվել են Մեդիսոն Քիսը, Պետրա Կվիտովան, Վիկտորյա Ազարենկոն, Սլոան Սթիվենսը, Կատրին Բելիսը, Սաբինա Լիսիցկին, Աննա-Լենա Ֆրիդզամը։

Տղամարդկանց մրցաշարում մինչև նոր ժամանակները 6 տիտղոս է նվաճել Ռոյ Էմերսոնը (1961, 1963-1967)։ Երկու անգամ հաղթել է Կեն Ռոզուոլը (1953, 1955), ով նաև մրցաշարի ամենաերիտասարդ չեմպիոնն է (18 տարեկան, 2 ամսական)։ Անցյալ տարի Էմերսոնին հավասարվեց Նովակ Ջոկովիչը (2008, 2011-2013, 2015, 2016)։ Ավստրալիայի Բաց առաջնությունում չորսական տիտղոս ունեն Անդրե Աղասին ու Ռոջեր Ֆեդերերը։ Այս խաղարկությանը մասնակցող թենիսիստներից մեկական անգամ հաղթել են Ռաֆայել Նադալը (2009) և Ստեն Վավրինկան (2014):

Իսկ ահա աշխարհի նորաթուխ առաջին ռակետ Էնդի Մարեյն Ավստրալիայում յուրահատուկ հակառեկորդ է սահմանել՝ 5 պարտություն եզրափակիչներում (2010, 2011, 2013, 2015, 2016)։ 1930-40-ականներին եզրափակիչներում նույնքան պարտություն է կրել նաև Ջոն Բրոմվիչը, սակայն նա կարողացել է նաև երկու տիտղոս նվաճել։

Այս տարի գլխավոր ֆավորիտները հենց Մարեյն ու Ջոկովիչն են։ Նրանց պայքարը թեժ է ոչ միայն մրցաշարում հաղթելու տեսանկյունից, այլև առաջին ռակետի կոչման։ Նախկին չեմպիոններից Մարեյի հետ նույն ցանցում են Ռոջեր Ֆեդերերն ու Ստեն Վավրինկան, իսկ Ջոկովիչի հետ՝ Նադալը։

Տղամարդկանց մրցաշարին մասնակցությունից հրաժարվել են Խուան Մարտին դել Պոտրոն, Խուան Մոնակոն, Կևին Անդերսոնը, Ջոն Միլմանը, Ռիչարդս Բերանկիսը, Թոմմի Ռոբրեդոն։ Ավստրալիա է ժամանել, ապա մասնակցությունից հրաժարվել Թանասի Կոկինակիսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում