«Սևիլյան» ընդհատեց «Ռեալի» ռեկորդային շարքը (տեսանյութ)

«Սևիլյան» ընդհատեց «Ռեալի» ռեկորդային շարքը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի»՝ 40 խաղից բաղկացած անպարտելիության շարքն ընդհատվեց։

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ռեալը» հյուրընկալվեց «Սևիլյային», որին մի քանի օր առաջ դուրս էր թողել Գավաթի խաղարկությունից։

Հանդիպման առաջին կեսն անցավ ընդհանուր առմամբ հավասար պայքարում․ թիմերը ձգտում էին շատ ժամանակ չանցկացնել սեփական պաշտպանությունում, բայց միևնույն ժամանակ չէին կարողանում արդյունավետ գրոհներ կազմակերպել։ Հիմնական իրադարձությունները զարգացան երկրորդ կեսում։

66-րդ րոպեին Սերխիո Ռիկոն սեփական տուգանային հրապարակում խախտեց Կարվախալի նկատմամբ կանոնները, և դաշտի տերերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ռեալի» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 85-րդ րոպեն, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը, իսկ արդեն ավելացրած ժամանակում «Սևիլյայի» կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Ստևան Յովետիչը։

Չնայած պարտությանը՝ «Ռեալը» 40 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը (մադրիդյան թիմը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել), իսկ «Սևիլյան» այս հաղթանակից հետո 39 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Սևիլյա» – «Ռեալ»՝ 2։1
Գոլերը՝ Ռամոս 85՛ / ինքնագոլ, Յովետիչ 90+2՛ – Ռոնալդու 67՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում