Հենրիխ Մխիթարյան. Հաշիվը չի համապատասխանում խաղի ընթացքին

Հենրիխ Մխիթարյան. Հաշիվը չի համապատասխանում խաղի ընթացքին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ի 21-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղի (1:1) վերաբերյալ հարցազրույց է տվել անգլիական ակումբի պաշտոնական ալիքին (MUTV):

27-ամյա ֆուտբոլիստը հիացած է եղել «Օլդ Թրաֆորդում» տիրող մթնոլորտից․ «Տպավորիչ մթնոլորտ էր: Ցանկանում եմ ավելի հաճախ նման մթնոլորտ տեսնել մարզադաշտում: Երկրպագուները հավատում ու մինչև խաղավերջ աջակցում էին մեզ»:

Խաղի մասին խոսելով՝ Մխիթարյանն ասել է. «Հաշիվը չի համապատասխանում խաղի ընթացքին, սակայն հաշվի առնելով, որ 0:1 հաշվով զիջում էինք, ոչ-ոքին վատ արդյունք չէ: Մենք կարող էինք հաղթել, և կարծում եմ արժանի էինք դրան: 3 միավոր վաստակելու համար առավելագույնն ուժերը ներդրեցինք: 1:1 հաշվի ժամանակ երկրորդ գնդակը խփելու փորձեր ձերնարկեցինք, սակայն ավելին անել չհաջողվեց: Մոտ ենք լավագույն քառյակին և առաջիկա խաղերում ամեն ինչ կանենք, որ հայտնվենք Չեմպիոնների լիգայի գոտում»: 

Թիմի փոխարինումների մասին Հենրիխն հետևյալ կարծիքն է հայտնել.

«Ֆելաինին, Ռունին ու Մատան թարմություն հաղորդեցին մեր խաղին: Նրանք օգնեցին ավելի սուր գրոհել: Ուրախ ենք, որ թիմում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր խաղադաշտ դուրս գալով կարող են ազդել հանդիպման ընթացքի վրա»:

Հայաստանի հավաքականի ավագը չի տխրել այն հանգամանքից, որ «Մանչեսթեր Յունայթեդի» 9 հաղթանակներից շարքն ընդհատվեց․

«Հաղթանակների շարքի մասին չենք մտածում, ռեկորդներ չենք փնտրում: Մեր նպատակը թոփ-4-ում հայտնվելն է: Բոլոր հանդիպումներում էլ փորձում ենք առավելագույնին հասնել և մեր աշխատանքը լավ կատարել: Իսկ հաղթական շարքերի վրա չենք կենտրոնանում, որովհետև միևնույն է մի օր դրանք ավարտվելու են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում