Զավեն Անդրիասյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի առաջնության առաջատարներ

Զավեն Անդրիասյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի առաջնության առաջատարներ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Կայացել են 4-րդ տուրի հանդիպումները:

Չորրորդ տուրում առաջինն ավարտվեց Սամվել Տեր-Սահակյան – Ռոբերտ Հովհաննիսյան պարտիան․ 24-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Կարճատև պայքարից հետո ոչ-ոքի գրանցվեց նաև Զավեն Անդրիասյան – Տիգրան Լ. Պետրոսյան պարտիայում: Այս տուրում Կարեն Գրիգորյանի նկատմամբ հաղթանակ տոնեց առաջնության ամենակրտսեր մասնակից Հայկ Մարտիրոսյանը, ով իր ակտիվում գրանցեց 3 միավոր և միավորներով հավասարվեց մրցաշարի առաջատարին: Հայաստանի առաջնությունում երկրորդ հաղթանակը տոնեց Արման Փաշիկյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց Մանուէլ Պետրոսյանի հետ:

Չորրորդ տուրից հետո Զավեն Անդրիասյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանն առաջատարներից հետ են մնում կես միավորով: Տիգրան Հարությունյանը վաստակել է 2 միավոր, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Մանուէլ Պետրոսյանը իրենց ակտիվում գրանցել են 1.5-ական միավոր, իսկ Կարեն Գրիգորյանը` 1 միավոր:

Հինգերորդ տուրի զույգեր

  • Պետրոսյան Մ. – Անդրիասյան
  • Հովհաննիսյան – Հարությունյան
  • Գաբուզյան – Տեր-Սահակյան
  • Գրիգորյան – Փաշիկյան
  • Պետրոսյան Տ. – Մարտիրոսյան

Կանանց մրցաշարի 5 պարտիաներից չորսն ունեցան հաղթական ավարտ: Տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը առավելության հասավ մրցաշարի առաջատար Մարիամ Ավետիսյանի նկատմամբ և միավորներով շրջանցեց նրան: Երրորդ հաղթանակը տոնեց Աննա Հայրապետյանը: Մրցաշարում առաջին միավորը վաստակեց Նարե Առաքելյանը. նա առավելության հասավ Նարինե Գասպարյանի նկատմամբ: Առաջին հաղթանակը տոնեց նաև Արմինե Բաբայանը: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Սիրանուշ Ղուկասյան – Սուսաննա Գաբոյան պարտիայում:

Չորրորդ տուրից հետո Մարիա Գևորգյանն ու Աննա Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով: Արփինե Գրիգորյանը վաստակել է 2 միավոր, Արմինե Բաբայանն ու Աննա Սարգսյանը իրենց ակտիվում գրանցել են 1.5-ական միավոր, Նարե Առաքելյանը ` 1, իսկ Նարինե Գասպարյանը` 0.5 միավոր:

Հինգերորդ տուրի զույգեր

Գրիգորյան – Ղուկասյան
Գևորգյան – Բաբայան
Հայրապետյան – Ավետիսյան
Առաքելյան – Սարգսյան
Գաբոյան – Գասպարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում