Տիգրան Ղարաբաղցյան․ Շեշտը դրվելու է ֆիզիկական պատրաստվածության վրա

Տիգրան Ղարաբաղցյան․ Շեշտը դրվելու է ֆիզիկական պատրաստվածության վրա

«Արարատի» մարզիչ Տիգրան Ղարաբաղցյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլի մասին:

-Մրցաշրջանի սկզբում թիմի կազմում մեծ փոփոխություններ եղան: Մասնավորապես, թիմից հեռացան լեգեոնականները: Ինչպե՞ս կգնահատեք թիմի ներկայիս վիճակը:

-Թիմը մրցաշրջանի նախապատրաստական փուլը թերի էր անցկացրել: Արկադի Անդրեասյանի՝ որպես գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո մնում էր արդեն շատ քիչ ժամանակ: Թիմը ընդունելու ժամանակ մենք ունեիք մի քանի լեգեոնականներ, բայց քանի որ արդյունքները գոհացուցիչ չէին, որոշում կայացվեց հնարավորություն տալ մեր տեղացի ֆուտբոլիստներին, որոնք ապացուցեցին, որ կարող են ֆուտբոլ խաղալ: Իհարկե, զգացվում էր փորձի պակասը: Նրանց հաղթանակներ էին պետք, որպեսզի վստահություն ձեռք բերեին: Խաղից խաղ արարատցիները բարելավում էին իրենց մարզավիճակը, և, ըստ իս, այս նախապատրաստական փուլը հաջող անցկացնելու դեպքում նրանց խաղամակարդակն էլ ավելի կբարելավվի:

-«Արարարտ 2»-ի կազմում կա՞ն այնպիսի խաղացողներ, որոնք կարող են պայքարել բարձրագույն խմբում խաղալու համար:

-Քանի որ «Արարատ 2»-ի, կարելի է ասել, բոլոր խաղացողները միացել են հիմնական թիմին, մեր առաջին լիգայի թիմը նոր է ձևավորվում: Կարծում եմ՝ դեռ վաղ է ինչ-որ կարծիք կազմել որևէ խաղացողի մասին:

-Այժմ առաջնությունում դադար է: Ինչպե՞ս է «Արարատը» անցկացնում իր մարզումները:

-Նախապատրաստական փուլի շեշտը դրվելու է ֆիզիկական պատրաստվածության վրա, որը լավ հիմք կտա ֆուտբոլիստներին: Այնուհետև կանցկացնենք տակտիկական, խաղային մարզումներ: Կլինեն նաև ընկերական հանդիպումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում