Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններ. 6-րդ տուրի արդյունքներ

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններ. 6-րդ տուրի արդյունքներ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարի կենտրոնական պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Հայաստանի գործող չեմպիոն և ընթացիկ մրցաշարի առաջատար Զավեն Անդրիասյանի նկատմամբ և սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ տոնեց Տիգրան Հարությունյանի նկատմամբ, իսկ Սամվել Տեր-Սահակյան-Կարեն Գրիգորյան, Արման Փաշիկյան-Տիգրան Լ. Պետրոսյան ու Մանուէլ Պետրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

6-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է 4 միավոր վաստակած Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանն առաջատարից հետ է մնում կես միավորով, Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը իրենց ակտիվում գրանցել են 3-ական միավոր, իսկ Մանուէլ Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը` 2.5-ական:

Կանանց մրցաշարի 5 պարտիաներից չորսն ունեցան հաղթական ավարտ: 6-րդ տուրում Արմինե Բաբայանն առավելության հասավ մրցաշարի առաջատար Աննա Հայրապետյանի նկատմամբ: Հաղթանակներ տոնեցին Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: 2 անընդմեջ պարտությունից հետո հաղթանակ տոնեց նաև Մարիամ Ավետիսյանը: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Սարգսյան Աննա-Գաբոյան Սուսաննա պարտիայում:

6-րդ տուրից Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 7-րդ տուրում առաջատարները մրցելու են միմյանց դեմ: Աննա Հայրապետյանը առաջատարներից հետ է մնում կես միավորով: Մարիամ Ավետիսյանը վաստակել է 3.5 միավոր, Արմինե Բաբայանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը իրենց ակտիվում գրանցել են 3-ական միավոր, Արփինե Գրիգոյանը վաստակել է 2 միավոր, Նարինե Գասպարյանը ` 1.5, իսկ 1 միավոր վաստակած Նարե Առաքելյանը եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում