Հայաստանի առաջնություն. 7 շախմատիստ չեմպիոն դառնալու հնարավորություն ունի

Հայաստանի առաջնություն. 7 շախմատիստ չեմպիոն դառնալու հնարավորություն ունի

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններում ավարտվել են 7-րդ տուրի պարտիաները։

Տուրի կենտրոնական պարտիայում Արման Փաշիկյանը սև խաղաքարերով առավելության հասավ մրցաշարի առաջատար Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ և միավորներով հավասարվեց նրան: Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ հաղթանակի շնորհիվ առաջատարների խմբին միացավ Տիգրան Լ. Պետրոսյանը: Ռոբերտ Հովհաննիսյան – Զավեն Անդրիասյանը պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ այս արդյունքի շնորհիվ Անդրիասյանը նույնպես միացավ առաջատարներին: 7-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև Հովհաննես Գաբուզյանը:

Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ 4 շախմատիստ` Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 1-4-րդ հորիզոնականները: Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 3.5-ական միավոր, Տիգրան Հարությունյանն ու Սամվել Տեր-Սահակյանը` 3-ական, իսկ Մանուէլ Պետրոսյանն ունի 2.5 միավոր: Այսպիսով, 7 շախմատիստ ունի չեմպիոն դառնալու գործնական հնարավորություն:

8-րդ տուրի զույգեր

  • Անդրիասյան – Փաշիկյան
  • Տեր-Սահակյան – Մարտիրոսյան
  • Հարությունյան – Պետրոսյան Տ.
  • Պետրոսյան Մ. – Գրիգորյան
  • Հովհաննիսյան – Գաբուզյան

Կանանց մրցաշարի 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ունեցան հաղթական ավարտ: Այս տուրում մրցաշարի երկու առաջատարները` Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը մրցում էին միմյանց դեմ: Սև խաղաքարերով հանդես եկող Ղուկասյանը կարողացավ առավելության հասնել Գևորգյանի նկատմամբ և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 5-րդ հաղթանակը տոնեց Աննա Հայրապետյանը: Իրենց մրցակիցներից ուժեղ գտնվեցին նաև Արմինե Բաբայանը, Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը:

7-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է 5.5 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը, առաջատարից կես միավորով է հետ Աննա Հայրապետյանը, Մարիա Գևորգյանը 4.5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում, Սուսաննա Գաբոյանը, Արմինե Բաբայանն ու Աննա Սարգսյանը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 4-6-րդ հորիզոնականները, Մարիամ Ավետիսյան իր ակտիվում ունի 3.5 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում, Արփինե Գրիգորյանը վաստակել է 2 միավոր, Նարինե Գասպարյանը` 1.5, իսկ Նարե Առաքելյանը` 1:

8-րդ տուրի զույգեր

  • Ղուկասյան – Սարգսյան
  • Ավետիսյան – Գասպարյան
  • Բաբայան – Գաբոյան
  • Գրիգորյան – Առաքելյան
  • Գևորգյան – Հայրապետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում