Պայետն ու այն ֆուտբոլիստները, ովքեր փորձել են հեռանալ ապստամբությամբ

Պայետն ու այն ֆուտբոլիստները, ովքեր փորձել են հեռանալ ապստամբությամբ

Դիմիտրի Պայետի և «Վեսթ Հեմի»՝ վերջին շրջանի վատ հարաբերություններին բոլորն են ծանոթ։ Եթե Պայետին թվում է, թե միայն ինքն է այդքան «խորամանկ», սխալվում է: Վերհիշենք նմանատիպ դեպքերը։

Պյեր վան Հոյդոնկ

Նախապատմություն։ Հոլանդացի հարձակվողը ֆուտբոլային Եվրոպայի մեծ մասին ապշեցրել է «Բրեդայում» ցուցադրած արդյունավետությամբ: 4 մրցաշրջանի ընթացքում նա 80 գնդակ է խփել: «Բրեդայից» տեղափոխվել է «Սելթիկ», որտեղ 2 տարի խաղալուց հետո կարիերան շարունակել «Նոթինգեմ Ֆորեսթում»: Առաջին կես տարին այնքան էլ հաջող չստացվեց, ակումբը դուրս մնաց առաջին դիվիզիոնից, բայց 1 մրցաշրջան անց հետ վերադարձավ: Պյերի օգնությունը զգալի էր, քանի որ նա 34 գնդակ էր խփել:

Տարաձայնություն։ «Ֆորեսթում» հաջող ելույթները հանգեցրին Հոլանդիայի հավաքականի հրավերին Մունդիալ 1998-ին մասնակցելու համար: Հավաքականից վերադառնալով՝ Հոյդոկը նկատեց, որ թիմը ոչ միայն չի ուժեղացել, այլև կորցրել է լավագույն խաղացողներին: Ղեկավարությունն ազատ էր թողել Պյերի խաղընկեր Քևին Քեմբելին, ապա նաև ավագին՝ Քոլին Կուպերին: Վան Հոյդոնկը տրանսֆեր խնդրեց, բայց այս դեպքում ակումբի ղեկավարներն այլ դիրքորոշում ունեին. նրանք հրաժարվեցին վաճառքի հանել հարձակվողին: Վերջինս էլ իր հերթին հրաժարվեց մարզվել ու ինքնակամ վերադարձավ «Բրեդա»:

Արդյունքը։ Հասկանալով, որ ըմբոստությունն անօգուտ է՝ ֆուտբոլիստը մի քանի ամիս անց վերադարձավ «Նոթինգեմ Ֆորեսթ»: Նրա դեպքը հիշարժան է հատկապես «Դերբի Քաունտիի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի շնորհիվ. գոլ խփելով Պյերը վազեց տոնելու այն, բայց թիկունքում խաղընկերներին չտեսավ: Նրանք գոլը տոնեցին փոխանցման հեղինակի հետ․․․ Հետագայում այլևս ոչ մի ակումբում («Բենֆիկա», «Ֆեյենորդ», «Ֆեներբախչե») Հոյդոկը երկու տարուց ավելի չանցկացրեց, բայց օրինակ Ռոտերդամի թիմի հետ ՈւԵՖԱ-ի գավաթակիր դարձավ:

Ռահիմ Սթերլինգ

Նախապատմությունը։ «Լիվերպուլի» ակադեմիայի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը երկու տարի անընդմեջ արժանացել է ակումբի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը, ապա ստացել «Golden Boy» մրցանակը։ Սթերլինգը դարձել էր թիմի հիմնական կազմի խաղացող ու անգամ առաջատար։ Երկրպագուները դժգոհ չէին տղայի աշխատանքային էթիկայից, իսկ նա գոհ չէր ակումբի պայմաններից․․․

Տարաձայնություն։ Բրենդան Ռոջերսին մի անգամ խնդրեցին մեկնաբանել Ռահիմ Սթերլինգի նոր պայմանագրի համար ընթացող բանակցությունները.

«Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է: Նրա պես ֆուտբոլիտը կցանկանա «Լիվերպուլում» խաղալ: Նա ինքն էլ այստեղ մնալու ցանկություն է հայտնել․ այնպես որ՝ նրա և ակումբի ներկայացուցիչները պետք է համաձայնության գան»,-ասաց մարզիչը: 

Երկու շաբաթ անց «BBC Sport»-ը հարցազրույց հրապարակեց, որտեղ Սթերլինգը նշում էր, որ մերժել է «Լիվերպուլի» առաջարկը: Բանակցությունները փակուղի մտան, աշխատավարձի բարձրացումը չօգնեց, քանի որ բեմում հայտնվեց «Մանչեսթեր Սիթին»: 

Արդյունքը։ «Քաղաքաբնակների» առաջին երկու առաջարկները մերժեցին, բայց ժամանակի հետ նոր պայմանագիր կնքելու հույսն էլ խամրեց, ու հիմա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում: 44 մլն ֆունտը Սթերլինգին դարձրեց անգլիական ծագում ունեցող ամենաթանկ ֆուտբոլիստը, իսկ «կարմիրներն» այդ գումարն ավելի խելամիտ ծախսեցին տրասֆերային շուկայում, քան Ֆերնանդո Տորրեսին «Չելսիին» վաճառելու դեպքում էր։

Դիմիտար Բերբատով

Նախապատմությունը։ Ֆուտբոլի պատմության ամենաթանկ բուլղարացին «Տոտենհեմի» կազմում երկու տարի բավականին լավ հանդես եկավ: Արագ հարմարվեց ԱՊԼ-ին, ընդգրկվեց հիմնական կազմում և գոլեր խփեց: Հաղթեց լիգայի գավաթում և վերջապես առաջարկ ստացավ մանչեսթերյան երկու ակումբներից: 

Տարաձայնություն։ «Տոտենհեմի» ղեկավարությունը չի սիրում ուղղակիորեն հրաժարել իր ֆուտբոլիստներից, ինչի համար էլ խախտեց ԱՊԼ-ի կանոններն ու ֆուտբոլիստին բաց չթողեց մինչև հաջորդ մրցաշրջանի` «Չելսիի» ու «Սանդերլենդի» դեմ մեկնարկային խաղերը: Նմանատիպ իրավիճակ Բերբատովի հետ տեղի էր ունեցել նաև դրանից մեկ տարի առաջ, բայց երկրորդ դեպքում նա կարողացավ ՄՅՈՒ տանող ճանապարհ գտնել։

Արդյունքը։ 30 մլն ֆունտի դիմաց «Տոտենհեմի» ղեկավարությունը վճռեց թույլ տալ, որ Դիմիտարի ցանկությունն իրականանա, իսկ Ալեքս Ֆերգյուսոնը միանգամից նշեց, որ նոր հարձակվողը նրա թիմի համար առանցքային ֆուտբոլիստ է դառնալու: Բերբատովը լեգենդար մարզչի հույսերն արդարացրեց:

Կառլոս Տևես

Նախապատմությունը։ Տևեսի կարիերայում մեր թեմային վերաբերող երկու միջադեպ է եղել: Առաջինը, երբ արգենտինացին ցանկանում էր «Վեսթ Հեմից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Սկզբում բոլորը կարծում էին, թե նա «Ինտեր» կգնա, բայց նա Անգլիայում մնաց: Գործը քիչ էր մնում դատարան հասներ, քանի որ ի վերջո Տևեսի տրանսֆերը գնեց MSI-ն ու նրան վարձավճարով հանձնեցին «կարմիր սատանաներին»: Կառլոսի մասնակցությամբ մեկ այլ, ավելի հնչեղ պատմություն էլ է գրանցվել:

Տարաձայնություն։ Եթե ոչ բոլորն, ապա շատերն են հիշում, թե ինչպես Ռոբերտո Մանչինին հայտարարեց, թե Տևեսի հետ կապված միջադեպը ոչ այլ ինչ էր, քան կարիերան ավարտելու քայլ: Մարզչի խոսքերին ի պատասխան Կառլոսը հրաժարվեց Չեմպիոնների լիգայի՝ «Բավարիայի» դեմ խաղում փոխարինման դուրս գալ: Խաղից հետո տված հարցազրույցում արգենտինացին բացատրեց, որ փոխարինման դուրս չգալը պարզապես միմյանց չհասկանալու արդյունք էր, ոչ թե սկանդալի: Ակումբի ղեկավարությունն ամեն դեպքում տուգանեց նրան ու զրկեց առաջին թիմի հետ մարզվելու հնարավորությունից: Մամուլն էլ սկսեց գրել, որ Տևեսը պարզապես ցանկանում էր հեռանալ, բայց առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ նա չհեռացավ ու դեռ 1.5 տարի էլ մնաց Մանչեսթերում:

Արդյունքը։ Հիմա կառլոսը Չինաստանում է ու 40 մլն եվրոյին մոտ գումար է ստանում: Դե ինչ, ֆինանսական տեսանկյունից կարիերան ստացվել է։

Վիլյամ Գալաս

Նախապատմությունը։ Ֆրանսիական հայտնի «Կլեֆոնտեն» ակադեմիայի սանը Կլաուդիո Ռանյերիի «Չելսիի» կարևորագույն ֆուտբոլիստներից էր: Նա շատ բան էր սովորել Մարսել Դեսայիից ու Ջոն Թերիի հետ բավականին լավ պաշտպանություն էր ապահովում: Բազմակողմանի զարգացվածությունը Գալասին թույլ էր տալիս փակել և՛ պաշտպանության եզրերը, և՛ կենտրոնը: Ֆրանսիացին կարևոր էր նաև նոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյուի համար, բայց շուտով կորցրեց կիրքը:

Տարաձայնություն։ 2006-ի ամռանը Գալասը հրաժարվեց «Չելսիի» հետ մասնակցել նախամրցաշրջանային շրջագայությանը, քանի որ հոգնածություն էր զգում Մունդիալից հետո: Իրականում նրան դուր չէին գալիս երկարաձգված պայմանագրի կետերը, աշխատավարձը։ Որպես արդյունք ֆրանսիացին դարձավ ֆուտբոլի պատմության ընդդիմադիրներներից մեկը. նա պահանջում էր վաճառել իրեն, հակառակ դեպքում սպառնում էր ինքնագոլեր խփել․․․․

Արդյունքը։ Գալասն Էշլի Քոուլի տրանսֆերի շրջանակներում տեղափոխվեց սկզբունքային հակառակորդի՝ «Արսենալի» կազմ: Նրա ակումբն ուրախ էր պրոբլեմատիկ ֆուտբոլիստին թեկուզ փոքրիկ փոխհատուցման դիմաց զիջել մրցակցին: «Արսենալից» հետո անգլիական ֆուտբոլի լավագույն պաշտպաններից մեկը հանդես եկավ «Տոտենհեմում» ու հետո նաև ավստրալական «Պերտ Գլորիում»:

Սաիդո Բերաինո

Նախապատմություն։ Սաիդո Բերաինոն թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում հայտնվեց «Վեսթ Բրոմվիչի» կազմում պարբերաբար ելույթներ ունենալուց հետո: Նրանով հետաքրքրվողների շարքում էր «Չելսին»: «Տոտենհեմը» ևս լուրջ հետաքրքրություն էր ցուցաբերում Բերանիոյի նկատմամբ ու նրա տրանսֆերը ձեռք բերելու համար ռիսկի դիմեց, որի համար հետագայում ստիպված եղավ ներողություն խնդրել:

Տարաձայնություն։ «Վեսթ Բրոմվիչի» ղեկավարությունը ոչ մի կերպ չէր ցանկանում վաճառել իր ֆուտբոլիստին: «Տոտենհեմը» նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ 15 մլն ֆունտ արժողությամբ առաջարկ ներկայացրեց, բայց դա էլ բավարար չթվաց: Ինքը՝ Բերաինոն փորձեց ակումբից տրանսֆեր պահանջել ու սոցիալական ցանցերում գրեց, որ «Բրոմվիչի» կազմում խաղալու մտադրություն այլևս չունի:

Արդյունքը։ Ինչի՞ հանգեցրեց այդ քայլը։ Ոչնչի: Թոնի Պլյուիսը շուտով մամուլին հայտնեց, որ խնդիրը լուծված է, ու Սադիոն սովորականի պես մարզվում է: Ավելի ուշ ֆուտբոլիստն էլ հայտարարեց, որ իր իրական էջում երբևէ նման բան չի գրել: Ճիշտ է, կատարվածն անհետևանք չմնաց ու ազդեց ֆուտբոլիստի արդյունավետության վրա:

Ու ահա, մեր աչքի առաջ նմանատիպ պատմություն է զարգանում: Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթ ունենալուց, «Վեսթ Հեմի» հետ պայմանագիր կնքելուց հետո Դիմիտրի Պայետը մեկ էլ հանկարծ տուն գնալ ցանկացավ: Այո, աստղերի դեպքում ակումբի բախտը չի բերում: «Մարսելն» ակտիվորեն ցանկանում է գնել ֆուտբոլիստին, բայց բանակցությունները դեռևս վերջնական փուլից շատ հեռու են:

Տեսնենք՝ Պայետը կկարողանա՞ ազդել ակումբի վրա, թե՞ մի օր էլ նրա հետևից գոլը տոնելու համար ոչ-ոք չի վազի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում