Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոն

Ավարտվեց 2017 թվականի Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը:

Գերլարված ընթացք ունեցած մրցաշարի վերջին տուրից առաջ 5 շախմատիստ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել էին 4.5-ական միավոր և գլխավորում էին մրցաշարային աղյուսակը:

Վերջին տուրում առաջատարներից երկուսը՝ Հովհաննես Գաբուզյանն ու Հայաստանի 2016 թվականի չեմպիոն Զավեն Անդրիասյանը մրցում էին միմյանց դեմ: Հենց այս պարտիայում էլ որոշվեց չեմպիոնի անունը: Հովհաննես Գաբուզյանը, ով մրցաշարի մեկնարկային 5 տուրում վաստակել էր ընդամենը 1.5 միավոր, վերջին տուրում տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը և հռչակվեց Հայաստանի 2017 թվականի չեմպիոն ու ընդգրկվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում:

Վերջին տուրում առաջատարներից Արման Փաշիկյանը պարտվեց Սամվել Տեր-Սահակյանին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքիով ավարտեցին Մանուէլ Պետրոսյանի ու Տիգրան Հարությունյանի հետ իրենց պարտիաները: Ոչ-ոքի գրանցվեց նաև Կարեն Գրիգորյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում:

Այսպիսով, Հովհաննես Գաբուզյանը, 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր, դարձավ Հայաստանի չեմպիոն։ 5 միավոր վաստակած Տիգրան Լ. Պետրոսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ նույնքան միավոր վաստակած Հայկ Մարտիրոսյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում