«Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». «Քաղաքայինները» կորցրեցին 2 գնդակի առավելությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Տոտենհեմին»: Համառ պայքարում անցած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել: Երկրորդ կեսի սկզբում լոնդոնցիների դարպասապահ Ուգո Լյորիսը երկու կոպիտ սխալներ է թույլ տվել, որոնց արդյունքում Լերոյ Սանեն ու Կևին դե Բրույնեն մեկական անգամ գրավել են ֆրանսիացու դարպասը:

Միայն դրանից հետո է Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ակտիվացել է և արդյունքում կարողացել է հավասարացնել հաշիվը: Նախ, աչքի է ընկել Դելե Ալին, իսկ քիչ անց` Սոն Հին Մինը:

Հանդիպման ընթացքում գլխավոր մրցավարը մի քանի կոպիտ սխալներ է թույլ տվել: Նա ձեռքով խաղ չի արձանագրել Սանեի գոլի, խաղից դուրս՝ Սոնի խփած գնդակի ժամանակ, ինչպես նաև դրվագներից մեկում 11-մետրանոց չի նշանակել Ռահիմ Սթերլինգի նկատմամբ ակնհայտ խախտման համար:

Այս խաղից հետո «Տոտենհեմը» 46 միավորով մնացել է երկրորդ տեղում, իսկ «քաղաքայինները» 43 միավորով հինգերորդ հորիզոնականում են:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ»` 2:2
Գոլերը՝ Սանե (49՛), դե Բրույնե (54՛) – Ալի (58՛), Սոն (77՛)

Հետևեք մեզ նաև Telegram-ում