Հովհաննես Գաբուզյան. 5-րդ տուրից հետո հաջողության հասնելու միտքը կորել էր

Երևանի շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունների փակման արարողությունը: Առաջնություններում առաջին 10 տեղերը գրաված մարզիկները դրամական պարգևներ ստացան, իսկ լավագույն եռյակում հայտնված շախմատիստները ստացան նաև մեդալներ:

Մրցանակաբաշխությունից հետո ՀՇՖ-ի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, չեմպիոններ Հովհաննես Գաբուզյանն ու Մարիա Գևորգյանը, ինչպես նաև մրցանակակիր Տիգրան Լ. Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում խոսեցին առաջնության լարված ընթացքի և իրենց տպավորությունների մասին:

Սմբատ Լպուտյանն առանձնացրեց մրցաշարի յուրահատուկ բարձր կարգը.

«Առաջնություններն անցան շատ հետաքրքիր պայքարում: Երբևէ չէի տեսել առաջնություն, որի վերջին տուրից առաջ հինգ մասնակիցներ ունենային 4 միավոր, իսկ ևս հինգ շախմատիստներ` 4,5: Նրանցից յուրաքանչյուրը Հայաստանի չեմպիոն դառնալու հնարավորություն ունեին: Դա խոսում է այն մասին, որ բոլորն ուժեղ շախմատիստներ էին, և պայքարն ընթանում էր մինչև վերջին պահը: 

Միայն վերջին պահին պարզ դարձավ, որ Հովհաննես Գաբուզյանն է ճանաչվելու հաղթող, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ նրան: Շնորհավորում եմ նաև Մարինե Գևորգյանին, ով կանանց առաջնությունում վերջին պահին կարողացավ շրջանցել Սիրանուշ Ղուկասյանին: Կցանկանայի, որ մեր նոր չեմպիոններն այս տարի շատ օգտակար լինեն հայկական շախմատին, որովհետև մեր հավաքականներն այս տարի մասնակցելու են Եվրոպայի թիմային առաջնություններին:

Ինչ վերաբերվում է մեր երկրում շախմատի ընդհանուր զարգացմանը, ապա կնշեմ, որ ունենք շատ լավ երիտասարդ խաղացողներ: Այդպիսին է Հայկ Մարտիրոսյանը, ում համարում եմ աշխարհի ուժեղագույն պատանի շախմատիստներից մեկը: Առաջնությունում Հայկը հիանալի խաղ ցուցադրեց և գրավեց 3-րդ տեղը: Հայկական շախմատին ապագայում մեծ հաղթանակներ են սպասում»:

Հովհաննես Գաբուզյանն առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Առաջնության մեկնարկային 5 տուրերից հետո նա ուներ ընդամենը 1,5 միավոր, սակայն հետո հաղթանակների շարք գրանցեց և կորզեց չեմպիոնի կոչումը: Sport.Times.amը 21-ամյա գրոսմայստերին հարցրեց, թե նրա խաղում ո՞րն էր նման կտրուկ փոփոխության պատճառը:

«Մրցաշարի սկզբում տրամադրված էի հաջող ելույթի, լարվածությունը շատ էր, իսկ ամբիցիաները` մեծ: Երբ 5-րդ տուրից հետո գտնվում էին վերջին տեղում, կորել էր որևէ հաջողության հասնելու միտքը, փորձեցի մրցաշարի վերջնամասն ինչ-որ չափով լավ անցկացնել և ստացվեց այնպես, որ չեմպիոն դարձա:

Քանի որ մեկնարկում դուրս մնացի հիմնական պայքարից, այդ լարվածությունը զգացի միայն վերջին երկու տուրերում: Նախավերջին տուրից հետո միացա առաջատարների խմբին: Վերջին խաղը որոշիչ էր, որովհետև բացի իմ հաղթելուց, հարկավոր էր, որ երեք պարտիաներ ավարտվեին ոչ-ոքի արդյունքով. չեմպիոնության հավակնորդները սպիտակ խաղաքարերով չպետք է հաղթեին: Ես իմ խաղից բացի մտածում էի ևս 4 այլ պարտիաների մասին»:

Գաբուզյանը մեկնաբանեց նաև վերջին պարտիայի ընթացքը, որում նա հաղթեց նախորդ տարվա չեմպիոն Զավեն Անդրիասյանին:

«Վերջին պարտիայում մինչև վերջ գնացինք, որովհետև երկուսիս համար էլ ոչ-ոքին իմաստ չէր ունենա, իսկ հաղթելու դեպքում երկուսիս էլ առաջին տեղում հայտնվելու հնարավորություն կընձեռնվեր»:

Հայաստանի չեմպիոն դառնալու շնորհիվ Գաբուզյանն կընդգրկվի Հայաստանի հավաքականում: Sport.Times.amը տեղեկացավ ազգային ընտրանու կազմում նրա ակնկալիքների մասին:

«Դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Պետք է լավ մարզվեմ և լավ նախապատրաստվեմ հավաքականի կազմում կայանալիք թիմային մրցաշարերին»:

Տիգրան Լ. Պետրոսյանը խոսեց փոխչեմպիոն դառնալու մասին և թե որքանով է այդ արդյունքը բավարարում նրան:

«Շատ ուժեղ և հետաքրքրիր առաջնություն ստացվեց: Մրցաշարից առաջ չէի կարծում, որ այսպիսի լարված պայքար կլինի: Երկրորդ տեղը բավարար նվաճում չեմ համարում, որովհետև միշտ ձգտում եմ առավելագույնին, բայց փոխչեմպիոնի կոչումն էլ լավ արդյունք է, եթե հաշվի առնենք, թե մասնակիցների ինչպիսի ուժեղ կազմ էր հավաքվել: Հաջորդ տարի կփորձեմ բարելավել արդյունքս»:

Արագ շախմատում Պետրոսյանն Հայաստանի չեմպիոն դարձավ: Նա հետևյալ կերպ մեկնաբանեց այդ հաջողությունը:

«Վերջին տարիներին արագ շախմատն ինձ մոտ ավելի լավ է ստացվում: Հայաստանի արագ շախմատի այս տարվա առաջնությունը նույնպես ուժեղ կազմ ուներ և կրկին մինչև վերջին պահը հայտնի չէր, թե ով կդառնա չեմպիոն: Վերջին տուրում ինձ հաջողվեց հաղթել և առաջ անցնել մոտակա մրցակցից: Բավարարված եմ այդ ցուցանիշով»:

Կանանց առաջնությունում Մարիա Գևորգյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Շախմատիստուհին խոսեց Հայաստանի հավաքականում իր ակնկալիքների և նպատակների մասին:

«Կփորձեմ լավ աշխատել: Անցած տարի շախմատային Օլիմպիադան Ադրբեջանում էր, և մենք չմասնակցեցինք: Այս տարի արդեն լինելու են մրցաշարեր, որոնցում կկարողանամ օգտակար լինել Հայաստանի հավաքականին: Արդեն փետրվարի 1-ից սկսելու ենք մարզվել: Սկզբի համար կպատրաստվենք Եվրոպայի անհատական առաջնությանը: 

Հավաքականում գտնվելը շատ մեծ պատասխանատվություն է: Կարողանում ես օգտակար լինել թիմին: Անհատական մրցաշարերում նույնպես փորձում ես պիտանի լինել երկրին, սակայն թիմային մրցաշարերում քո աջակցությունն ավելի լավ է երևում»: 

Նախորդ տարի Գևորգյանն շատ ավելի վստահորեն էր դարձել Հայաստանի չեմպիոն: Sport.Times.amի այն հարցին, թե որո՞նք էին նման տարբեր մրցելույթների պատճառները, Մարիան ասաց.

«Հավանաբար նախորդ տարի ավելի լավ էի նախապատրաստվել: Այս տարի, իհարկե, նույնպես շատ ժամանակ եմ հատկացրել շախմատին, բայց ոչ անցած տարվա պես: Հետագայում կսկսեմ կրկին լավ աշխատել»:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում