Հնարավոր է՝ երիտասարդների և պատանիների ՀՀ առաջնություններն անցկացվեն Արցախում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով միջոցներ են ձեռնարկվում խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների 2017 թվականի ՀՀ առաջնությունները, ըստ հնարավորության, Արցախում անցկացնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ է ուսումնասիրել պայմանները, քննարկել բոլոր հնարավորությունները խաղային մարզաձևերից մի քանիսի ՀՀ առաջնությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու համար՝ այդ առաջնությունները նվիրելով Արցախի անկախության 25-ամյակին»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարը հանձնարարել է նաև ԼՂՀ-ում կազմակերպել աթլետիկա, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերի մարզիչների սեմինար-խորհրդակցություններ:

Նշենք, որ սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայկական երկու հանրապետությունների համագործակցության վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել 2016 թվականի նոյեմբերին Հ. Ռոստոմյանի ԼՂՀ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում նախարարը ԼՂՀ նախագահի և վարչապետի հետ քննարկել է ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում