Վանդևեգեի հերթական անվանի «զոհը», Վենուս Ուիլյամսը նույնպես մտավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

«Մեծ Սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի Բաց առաջնությունում տեղի են ունեցել կանանց մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին երկու հանդիպումները:

Կոկո Վանդևեգեն, ով պայքարից դուրս է թողել աշխարհի առաջին ռակետ Անժելիկա Կերբերին, այսօր մրցել է Գարբինե Մուգուրսայի (7-րդ ռակետ) հետ և 6:4, 6:0 հաշվով ջախջախել նրան:

Ամերիկուհին 4 անգամ շահել է մրցակցի մատուցումները, իսկ իր ուժգին հարվածների շնորհիվ սեփականներն անվրեպ է իրացրել: Ավելի վաղ աշխարհի 35-րդ ռակետը հաղթել էր նաև Էժենի Բուշարին:

Կիսաեզրափակչում Վանդևեգեն կմրցի Վենուսի Ուիլյամսի հետ: 36-ամյա անվանի թենիսիստուհին հանդիպել է ռուս Անաստասիա Պավլյուչենկովայի հետ: Անզիջում պայքարում անցած խաղն ավարտվել է ամերիկացու հաղթանակով՝ 6:4, 7:6(3) հաշվով:

Խաղի ընթացքում Պավլյուչենկովան 4 անգամ մրցակցի մատուցումը շահելու շնորհիվ հաշվի մեջ առաջ է եղել, սակայն բոլոր դեպքերում էլ չի կարողացել պահպանել առավելությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում