MD. Մրցավարների սխալների պատճառով «Ռեալը» 8 միավոր ավելի է վաստակել

«Mundo Deortivo» թերթը հաշվարկել է Իսպանիայի առաջնության առաջին շրջանում «Բարսելոնայի» ու «Ռեալի» մասնակցությամբ խաղերում մրցավարների թույլ տված սխալները: Պարզվել է, որ մրցավարական սխալների պատճառով մադրիդցիները 8 միավոր ավելի են վաստակել, իսկ կատալոնացիներն ընդհակառակը՝ 4 միավոր կորցրել են:

Որպես օրինակ թերթը բերել է «Ռեալ»-«Սելտա» խաղը (2:1), որում Ալվարո Մորատան գոլերից մեկը խփել է խաղից դուրս վիճակից: Նմանատիպ իրավիճակ է նաև «Մալագայի» դեմ վերջին մրցավեճում (2:1) Ռամոսի հեղինակած գոլերից մեկի դեպքում: Մրցավարական սխալներ են գրանցվել նաև «Էսպանյոլի» (2:0) ու «Դեպորտիվոյի» (3:2) դեմ հանդիպումներում:

«Բարսելոնայի» մասնակցությամբ խաղերում մրցավարական որոշիչ սխալներ տեղի են ունեցել 8 հանդիպումներում, որոնցից երեքում «կապտանռագույնները» միավորների կորուստ են ունեցել: Մասնավորապես, «Սելտայի» դեմ խաղում (3:4) մրցավարը 11-մետրանոց չի նշանակել Նեյմարի նկատմամբ խախտման համար, «Մալագայի» հետ մրցավեճում (0:0) չի գրանցել Ժերար Պիկեի «մաքուր» գոլը, իսկ «Վիլյառեալի» դեմ հանդիպման (1:1) ժամանակ ձեռքով խաղի համար երկու անգամ 11-մետրանոց հարված չի նշանակվել:

Նշվում է նաև, որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա խաղում (1:1) եզրային մրցավարի կոպիտ սխալի պատճառով բասկերի խփած գոլը չի գրանցվել, ինչի շնորհիվ «Բարսելոնան» կարողացել է 1 միավոր վաստակել:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից հետո «Ռեալը» 2 միավորով գերազանցում է «Բարսելոնային», մադրիդյան թիմը նաև մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում