«Ֆուտբոլիստները ոչինչ չարժեն, միայն թիմը նշանակություն ունի». Լուի վան Գալի հաջողության հակասական պատմությունը

Ոմանց համար այս մարզիչն այն տաղանդավոր մասնագետներից է, ովքեր ոճը փոխել են արդյունքի հետ: Շատերի համար էլ նա դիկտատոր է, ով զայրացրել է երկրպագուներին ու ֆուտբոլիստներին: Ինչ կարծիք էլ ունենաք, որևէ մեկը չի կարող հերքել, որ Լուի վան Գալը դասվում է լավագույն մարզիչների շարքին։

Մենք խոսում ենք չեմպիոնական 7 տիտղոս, 4 եվրագավաթ նվաճած ու Հոլանդիայի հավաքականին Մունդիալում առաջնորդած մարզչի մասին: Իսկ ո՞րն է նրա նկատմամբ այդքան հակասական վերաբերմունքի պատճառը։

Հայացք գցենք Լուի վան Գալի կարիերայի ուշագրավ էջերին։

***

Դենիս Բերգկամպը թափ տվեց ուսերը: Ամսաթիվը՝ 1991 թվականի հոկտեմբերի 20: Էրեդիվիզիայի 5-րդ տուրն էր ու «Այաքսը» ոգեշնչված էր նոր մարզչի՝ Լուի վան Գալի գլխավորությամբ։ Ամստերդամցիները ՊՍՎ-ի դեմ խաղին այլ կերպ էին մոտեցել: Ծրագիրը պարզ էր. փակել մրցակցին ու խաղից դուրս թողնել Ռոմարիոյին: Առաջին անգամ Բերգկամպին խնդրեցին ավելի խորքից խաղալ, փակել մրցակցի փոխանցումները: Առաջին անգամ նա թափ տվեց ուսերը Լուի վան Գալի պահանջներին ի պատասխան:

Այդ օրը հոլանդացու մարզչական ոճը փոխվեց, «Այաքսի» ճակատագիրը ևս: Շատերի կարծիքով Երկաթե կակաչի մեկ որոշումը խաչ դրեց Ռինուս Միխելսի ու Յոհան Կրույֆի գեղեցիկ ժառանգության վրա: Սա, իհարկե, չափազանցված է: Միֆ է այն, որ վան Գալն ցանկանում էր սպանել ֆուտբոլի գեղեցկությունը: Նման կարծիքի ձևավորումն այլ հիմքեր ունի։ Բերգկամպը երբեք չի թաքցրել, որ չի սիրում մարզչին, ում թիմը լքել է 1993-ին: Վան Գալի ոճը նրան հարազատ չէր ու այդ մասին մանրամասն պատմել է ինքնակենսագրականում.

«Լուի վան Գալը երբեք չի խոստովանել, բայց նրա ֆուտբոլը Կրույֆի ու Վենգերի ֆուտբոլի համադրությունն է: Միայն մեթոդներն են տարբերվում: Կրույֆը մարզում էր ինչպես խաղացել է՝ համարձակ, արդյունավետ ու գլուխը կոտրելով: Նա չէր վերլուծում, այլ վստահում է բնազդին ու տեխնիկային:

Լուին պարտադրող բնավորություն ունի: Նա ստիպում է, որ մեխանիզմն աշխատի, քանի որ այն «սուրբ» է: Նրա համար ամեն ինչ միևնույն է, հնչեղ անունները նշանակություն չունեն: Ամեն ինչ թիմին է ծառայում ու մեխանիզմին՝ իր մեխանիզմին: Կրույֆը հաջողակ ֆուտբոլիստ լինելու տարիներին ոգևորվում էր, երբ անհայտ ֆուտբոլիստները վճռում էին խաղի ելքը: Նա առաջնորդում էր նրանց: Վան Գալն այդպես չէր կարող: Դա հակասում էր նրա էությանը։

Ի՞նչ անել, եթե քո տրամադրության տակ 10 միջակ գրող կա ու Ռեմբրանտը: Ռեմբրանտին ասե՞լ, որ չպետք է առանձնանա, որ նա մյուսներից լավը չէ, թե՞ նրան հասկացնել, որ յուրահատուկ է ու պետք է լիովին օգտագործի իր տաղանդը»:

Պերճախոս հայացք Լուի վան Գալի խաղային փիլիսոփայությանը: Որևէ մեկը չի ասում, որ նրա ոճը եզակի է ու տարբերվում է մյուսներից. Կրույֆը մարզումների ժամանակ մեծ նշանակություն է տվել ազատությանը, անհատական որակներին, տեխիկային, իսկ Լուի վան Գալը պահանջել է խաղալ կոնկրետ ձևաչափով։ Գուցե դրա համար էլ շատ աստղեր տուժել են նրա թիմերում:

Բերգկամպը չկարողացավ Լուի վան Գալի կանոններով խաղալ, թեև «Այաքսում» նրա վիճակագրությունը հակառակ պատկերն է ցույց տալիս: Այդուհանդերձ, Բերգամպի՝ մարզչի նկատմամբ հակակրանքը ոչինչ է այն պատերազմի համեմատությամբ, որ նրա դեմ Ռիվալդոն սկսեց «Բարսելոնայում»:

***

«Այաքսից» հեռանալուց հետո վան Գալը դարձավ Եվրոպայի ամենապահանջված մարզիչը: Նրա շնորհիվ ակումբը 6 տարում 11 գավաթ նվաճեց, թեև պետք չէ մոռանալ, որ նա իրոք հիասքանչ թիմ ուներ ու աստղեր: Մարդիկ կլինեն, որ կհամարեն, թե նման թիմի հետ այլ կերպ հնարավոր չէր: Բայց այդ տարիներին Իտալիայի առաջնությունն անհավատալի հզոր էր, Եվրոպայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալն» էին գերակայում, իսկ Յոհան Կրույֆը «Բարսելոնայում» հիմք էր պատրաստում ապագա հաջողությունների համար:

Կրույֆն առանց հոգնելու աշխատում էր մարզումների վրա, որոնք թույլ էին տալիս բացել ֆուտբոլիստների տեխնիկան: Նպատակն այն էր, որ ակումբը հնարավորինս անկախ դառնար, կարողանար նոր աստղեր ձեռք բերել: Հոլանդական ավանդույթներին հետևելով՝ կատալոնական ակումբն ամրապնդեց սկաուտական կապերն Իսպանիայում և Լատինական Ամերիկայում: Կարճ ժամանակում «Բարսելոնայի» ակադեմիան լցվեց ֆուտբոլիստներով: Կրույֆն առաջ էր նայում, բայց 1996-ին նա այնուամենայնիվ, լքեց ակումբը, որն առանց նրա էլ շարունակեց հետևել մարզչի գործելաոճին:

Զարմանալի է, բայց երբ «Բարսելոնան» Լուի վան Գալն էր մարզում, նրա մեթոդները լավ համադրվում էին նախորդ մարզչի ոճի հետ։ Այդուհնադերձ, Կրույֆի քննադատությունը երկար սպասեցնել չտվեց․ «Մեր քիմիան տարբեր է: Մենք անձնապես լեզու չենք գտնում, մեր ֆուտբոլն էլ շատ տարբեր է: Նա գրասենյակային ռեժիմի ֆուտբոլիստների է պատրաստում, ոչ թե ֆուտբոլի դաշտի»,- ասել է լեգենդար մասնագետը։

Լուի վան Գալի կարիերայի կատալոնական շրջանի ավարտը պայմանավորված չէր նրա ու Կրույֆի մասնագիտական տարբերությամբ։ Գլխավոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ թիմի աստղերը սկսեցին լեզու չգտնել մարզչի հետ: Դասական օրինակ է Ռիվալդոն:

Բրազիլացին, ով այդ ժամանակ լավագույններից էր աշխարհում, պահեստայինների նստարանին հայտնվեց, քանի որ հրաժարվեց եզրում խաղալ․ նա պաշտպանություն վերադառնալու և պաշտպաններին օգնելու իմաստ չէր տեսնում: Կատալոնական հասարակության համար հնարավոր բան չէր լավագույն խաղացողին պահեստայինների նստարանին տեսնելը: Նման քայլերով էր վան Գալն ամենաշատը տարբերվում Կրույֆից: Պարզապես Լուի վան Գալն աստղերի հետ աշխատելու մտերմիկ ձևեր չուներ։

Թիմն, այնուամենայնիվ հաղթում էր, աստղերն իրենց լավագույն խաղն էին ցուցադրում անկախ վեճերից ու սկանդալներից: Համառությունը հազվադեպ էր հաջողությանը խանգարում: Այն աստղերին երբեք չի խոչընդոտել հրաշքներ գործել: Գուցե դրա համար էլ «Բարսելոնայում» Լուի վան Գալի աշխատանքը հակասական է․ 55% հաղթանակ ու անհաջողություն Չեմպիոնների լիգայում, որտեղ իր թիմն ամենաուժեղն էր: Այս ամենը նրան թիմից հեռացնելու առիթ դարձան: 

Ինքը՝ Լուի վան Գալը հետևյալ կերպ էր մեկնաբանում ֆուտբոլիստների նկատմամբ վերաբերմունքը.

«Ֆուտբոլիստները ոչինչ չարժեն, միայն թիմը նշանակություն ունի: Ես ավելի շատ ֆուտբոլիստի բնավորությունն եմ գնահատում, ոչ թե հնարավորությունները: Հատկապես կարևոր է նպատակին հասնելու համար ամեն ինչ տալու ցանկությունը: Տաղանդավոր շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր ուղղակի իմ մեթոդներին չեն համապատասխանում»:

«Բարսելոնան» լքելով՝ Լուին Հոլանդիայի հետ հաջողության հասնելու փորձ արեց, բայց ապարդյուն: Միևնույն ժամանակ վան Գալը չէր վախենում բարձրագոչ հայտարարություններից։ Օրինակ՝ որակավորման փուլի առանցքային խաղից առաջ վան Գալը հայտարարեց, որ «հոլանդացիներն իռլանդացիներից շատ ավելի տաղանդավոր են»: Արդյունքում հոլանդացիները պարտվեցին պակաս տաղանդավորներին, իսկ մարզչի մեթոդները կրկին կասկածներ հարուցեցին: Սկզբում «Այաքսի» ու «Բարսելոնայի» որոշ երկրպագուներ, ապա նաև ամբողջ Եվրոպան սկսեց թերահավատորրեն վերաբերել հոլանդացուն, ով 2002-ին նորից ֆուտբոլ էր վերադարձել ու նորից «Բարսան» ընտրել: Քամբեք չստացվեց, 6 ամիս անց նա հավաքեց ճամպրուկները․ Լուի վան Գալն ու «Բարսան» անհամատեղելի էին:

***

Երու տարվա ընդմիջումից հետո «բռնապետը» տեղափոխվեց համեստ ԱԶ: Շատերը կհամաձայնեն, որ հենց այնտեղ է Լուի վան Գալը լավագույնս աշխատել: Շատ բան էր ուրիշ, ու խոսքը միայն ակումբի կարգավիճակի մասին չէ: Վան Գալն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ աջակցություն ստացավ սեփական ֆուտբոլիստներից: Երբ նրան չէին հավատում, ֆուտբոլիստները ղեկավարությանը խնդրում էին հնարավորություն տալ: «Այաքսի», «Բարսելոնայի» ու Հոլանդիայի հավաքականի նախկին մարզիչը վեճեր չէր ունենում իր սաների հետ։

Արդյունքում նրա հանդեպ հավատն արդարացավ: ԱԶ-ի կազմում էին Մուսա Դեմբելեն, Լենսը, Արին, Գրացիանո Պելեն, Սերխիո Ռոմերոն և Նիկլաս Մոյսանդերը: Բոլորը միջին արդյունք էին սպասում, բայց 7 ամիս շարունակ թիմն անպարտելի էր: Թիմը թե՛ լավ պաշտպանվում էր, թե՛ լավ հարձակվում: Դասական Լուի վան Գալ․ ԱԶ-ը գեղեցկության ու ոճի մասին մտածելու փոխարեն ուղղակի հաղթանակի մասին էր մտածում:

Զարմանալի չէ, որ ԱԶ-ը վան Գալից հետո հաջողության չհասավ: Նա թիմին օգնեց հզորանալ, միաժամանակ շտկեց սեփական կերպարը և առաջ շարժվեց։

***

«Ես երազանքի թիմ եմ եկել»,- ասաց վան Գալը, երբ Արյեն Ռոբենի հետ «Բավարիայում» հայտնվեց:

«Բավարիայում» ամեն ինչ պետք է փոխվեր, բայց մեկնարկը հաջող չէր, ու տրիբունաները նրա շուտափույթ հեռացումն էին պահանջում: Մարզիչն արդարանում էր՝ ասելով, որ առաջընթացի մարդ է ու ժամանակի կարիք ունի, բայց ֆուտբոլում նման շքեղություն չի տրվում արդեն վաղուց: Հոլանդացին առաջին անգամ հասկացավ, որ պետք էր ոճը փոխել:

Հենց Լուի վան Գալի ժամանակ «Բավարիայի» հիմնականում կազմում հայտնվեցին Թոմաս Մյուլլերն ու Հոլգեր Բադշտուբերը: Նա Շվայնշտայգերին եզրից կենտրոն բերեց: Մյուլլերն իդեալական հարձակվող էր վան Գալի համար. նա աշխատում էր թիմի համար ու զոհում սեփական վիճակագրությունը: Գերմանիայի հավաքականի ապագա ֆուտբոլիստը ժամանակին հայտնվեց թիմում, քանի որ այդ ժամանակ մարզչի ու աստղերի միջև հերթական միջադեպը ծագեց: Այդ անգամ Լուկա Տոնին արժանացավ մարզչի դժգոհությանը․ իտալացին կոմբինացիաներին չէր մասնակցում, օգտակար չէր հակագրոհների ժամանակ և չէր կարողանում արագ օգտվել ազատ տարածությունից: Նրան զոհեցին հանուն մեծ բարիքի, հանուն մեխանիզմի:

***

Չնայած Թոնին հեռացավ՝ «Բավարիան» 2010-ին չեմպիոն դարձավ: Միջազգային արենայում հակառակ պատկերն էր․ առջևում Ժոզե Մոուրինյուի դեմ հակամարտությունն էր, ում հետ հոլանդացին ժամանակին աշխատել էր «Բարսելոնայում»: 

Կարևոր պահ էր: Վերջապես Մոուրինյուն կարող էր խաղալ այն մարզչի դեմ, ում փիլիսոփայությունը մեծապես ազդել էր իր վրա: Երկուսն էլ հաղթանակի կարիք ունեին։ Երկուսն էլ կարևորագույն տիտղոսին իրենց ճանապարհի սկզբին հասել էին, բայց կարիք ունեին ապացուցելու իրենց տաղանդը: Ուսուցիչը՝ աշակերտի դեմ: Ինչպես գիտենք, աշակերտը հաղթեց:

Հետընթացի սկիզբն էր: Գերմանիայում իր դիրքերն էր ամրապնդում Յուրգեն Կլոպի «Բորուսսիան»: Կլոպին պաշտում էին, իսկ Լուի վան Գալը հայտնվել էր բոլորին զայրացնող ծերուկի կարգավիճակում: Վան Գալի կարիերայի գերմանական շրջանը կրքոտ էր, բայց կարճատև սիրավեպի նման․․․

***

Հակակիրների պակաս չունեցող հոլանդացին նոր բարդություն ստեղծեց։ Նա կոնֆլիկտի մեջ մտավ Յոհան Կրույֆի հետ, ով էլ սկսեց հրապարակել քննադատել վան Գալին․

  • «Վան Գալը լավ է տեսնում ֆուտբոլը, բայց ես չեմ կիսում նրա տեսակետը: Մարտավարությանն ուղղված նրա ռազմամոլ հայացքն օտար է ինձ: Ցանկանում եմ, որ ֆուտբոլիստներն իրենք իրենց մասին մտածեն»
  • «Ֆուտբոլիստներին պետք է սրտով գնահատել: Եթե «Այաքսում» իմ օրոք ընտրության այն չափանիշները լինեին, որոնք ներդրեց վան Գալը, ես թիմում չէի լինի»:
  • «Երբ 15 տարեկան էի, հազիվ էի կարողանում գնդակը 15 մետր հեռու նետել ձախ ոտքով, իսկ աջով կարող էի մինչև 20-ի հասցնել: Չէի կարողանում անկյունայիններն իրացնել, թույլ էի ֆիզիկապես ու դանդաղաշարժ: Իմ երկու լավ հատկանիշներն էին՝ տեխնիկան ու խաղը հասկանալու ընդունակությունս։ Այդ երկուսն էլ համակարգչով չես չափի»:

Այո, Կրույֆի խոսքերը սուր են: Սրանք այն մարդու խոսքերն են, ով չէր կարող հարգել փիլիսոփայական հայացքներով կոնֆլիկտի մեջ մտնողին: 

***

Ահա և մոտեցանք եզրագծին: Չի կարելի չգնահատել հավաքականում Լուի վան Գալի աշխատանքը: Նա առաջին պլան բերեց երիտասարդ ֆուտբոլիստներին ու նրանց հետ Մունդիալի կիսաեզրափակիչ հասավ: Սա հսկայական հաջողություն է մի թիմի համար, որն արդեն երկար ժամանակ է՝ ոչ մի արժեքավոր բանի չի հասնում: Դա պատմական Հոլանդիան չէր, այլ Լուի վան Գալի կառուցվածքային, սառնարյուն ու հակահարվածներ հասցնող թիմը: 

«Մանչեսթեր Յունայթեդում» Լուի վան Գալն իր առաջին մրցաշրջանում 4-րդ հորիզոնականին հասավ: Նա Չեմպիոնների լիգան վերադարձրեց «Օլդ Թրաֆֆորդ» ու մեկ տարի անց դարձավ Անգլիայի գավաթի հաղթողը: Սակայն կրկին առանց տարաձայնությունների ոչինչ չստացվեց:

Ռոբին վան Պերսին, ում մեկ տարի առաջ աշխարհի լավագույն հարձակվող էին համարում, հեռացավ մարզչի հետ ընդհարման պատճառով: Ֆալկաոն այդպես էլ չխաղաց: Ի՞նչ տեղի ունեցավ Անխել դի Մարիայի հետ․ իսկական գաղտնիք է։ 2015-16թթ․ մրցաշրջանում Ուեյն Ռունին վերջնականապես հանձնվեց ու պետք էր որևէ բան ձեռնարկել: Օգնության եկան երիտասարդները: Թեև Լուի վան Գալը համարում էր, որ Անգլիան իր համար կարճաժամկետ նախագիծ է, պետք է խոստովանել, որ այս մարզիչը շատ բան է արել ակումբի ակադեմիայի համար ու մտածել է դրա ապագայի մասին: 

Ակնհայտ է, որ Մանչեսթերում հոլանդացին հետևում էր իր փիլիսոփայությանը ու դրա վկայությունն էին Դարմիանը, Շնայդերլինն ու Շվայնշտայգերը: Կաշխատե՞ր նրա ոճը մի առաջնությունում, որտեղ գլխավորն աստղերն են․․․ Հասկանալու և սպասելու ժամանակ չկար․ նա թիմը լքեց՝ զգալի արդյունքի չհասնելով:

***

Բոլորովին վերջերս Լուի վան Գալը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Բարդ, հակասական կարիերայի ավարտի մասին: Ոմանք պաշտում էին նրան, ոմանք՝ ատում: Ինչպես և բոլոր անհատականությունները, նա կիսում էր այդ տեսակետները, իսկ մեզ համար հստակ է մեկ բան. Լուի վան Գալին արագորեն չենք մոռանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում