Գրիգոր Մելիքսեթյան. Կիպրոս չենք գնում հանգստանալու համար

Հայաստանի հավաքականի թեկնածու և «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը երեկ մասնակցեց «Ալաշկերտի» հետ ընկերական հանդիպման (1:1) առաջին կեսին, որում իր դարպասն անառիկ պահեց: Խաղից հետո 30-ամյա ֆուտբոլիստը պատասխանեց Sport.Times.amի հարցերին։

-Ի՞նչ քաղեցիք խաղից:

-Այս տարվա առաջին խաղն էր: Եղանակային պայմաններն անբարենպաստ էին. ցուրտ էր: Ճիշտ է, Ավանի ակադեմիայի արհեստական խոտածածկը շատ լավն է, սակայն երեկ սառած էր և բարդացնում էր երկու թիմերի գործողությունները: Մեր խաղը նորմալ եմ գնահատում: Որոշ պահերի կարողանում էինք անել այն, ինչ մարզիչը մեզնից պահանջում է: Ինձ թվում է խաղից խաղ ավելի լավ կսկսենք հանդես գալ:

-«Գանձասարը» հավաք է անցկացնում Ավանի ակադեմիայում: Ի՞նչ նպատակներ ունեք և որքանո՞վ է հաջողվում դրանք իրագործել:

-Մարզումների վերսկսումից հետո երկու շաբաթ ֆիզիկական աշխատանքներ ենք կատարել են, ուստի այս հավաքն ավելի շատ տեխնիկա-տակտիկական է: Ֆունկցիոնալ պատրաստության աշխատանքները նույնպես քիչ չեն: Մեր երրորդ հավաքն արդեն ամբողջովին նվիրված կլինի տեխնիկական ու տակտիկական պատրաստությանը: Մեզ անհրաժեշտ ամեն ինչ անում ենք, որ մարտին վերսկսվող մրցաշրջանին պատրաստ լինենք:

-Թիմը շուտով մեկնելու է Կիպրոս, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Այդ հավաքից սպասումներն ինչպիսի՞ն են:

-Մենք կոնկրետ նպատակով, կոնկրետ աշխատանք կատարելու համար ենք մեկնում Կիպրոս: Այնտեղ չենք գնում հանգստանալու: Կիպրոսում բնական խոտածածկով խաղադաշտեր, ինչպես նաև ստուգողական խաղեր անցկացնելու համար ավելի լավ մրցակիցներ կան: Մեր ուժերը փորձելու հնարավորություն կունենանք և կնախապատրաստվենք առաջիկա պաշտոնական խաղերին:

-Թիմում նոր դարպասապահ կա՝ մակեդոնացի Ֆիլիպ Իլիկը: Նրա խաղն ինչպիսի՞ տպավորություն է թողել և որքանո՞վ նրա ներկայությունը կազդի «Գանձասարի» դարպասապահների մրցակցության վրա:

-Ֆիլիպը լավ դարպասապահ է: «Գանձասարում» դարպասապահների մրցակցություն միշտ էլ եղել է: Ունենք ևս մեկ դարպասապահ՝ Գոռ Մարտիրոսյանը, ով նույնպես մրցակցության մեջ է: Դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում: Միշտ էլ եղել եմ այն տեսակետի կողմնակիցը, որ խաղա նա, ով այդ պահին ավելի լավ է պատրաստ:

-Մեկնարկային կազմում տեղը կորցնելու հնարավորությունն անհանգստացնո՞ւմ է:

-Միշտ անհանգստացրել է, և դա կապ չունի թիմում նոր դարպասապահի հետ: Դրա համար ամեն ինչ անում եմ, որ մարզումների ժամանակ ավելի լավ աշխատեմ և իմ խաղով ցույց տամ, որ կարող եմ օգուտ տալ թիմին:

-Թիմի մյուս նորեկների խաղից առաջին տպավորությունն ինչպիսի՞ն է:

-Դեռ երկու օր է՝ միացել են մեզ: Առաջին տպավորությունները վատը չեն: Հնարավոր է՝ արձակուրդից են նոր եկել և դեռ պատրաստ չեն, մարզված չեն, սակայն նաև հնարավոր է, որ հետագայում շատ օգտակար լինեն թիմին:

-Մրցաշրջանի երկրորդ կեսում Ձեր առջև ի՞նչ նպատակներ եք դրել։

-«Գանձասար-Կապանի» առաջնային նպատակը եվրագավաթներում հայտնվելն է, իսկ երկրորդը, որը նաև երազանք է, Հայաստանի չեմպիոն դառնալն է: Ինչ վերաբերվում է անձնական նպատակիս՝ լավ ելույթներով օգնել թիմին հասնել իր ձգտմանը, ինչպես նաև հայտնվել ազգային հավաքականում:

-Իսկ վիճակագրական տեսանկյունից «չոր» խաղեր անցկացնելը որքանո՞վ եք կարևորում:

-Ես պատրաստ եմ ամեն խաղում 4 գնդակ բաց թողնել, սակայն իմ թիմը 5 գոլ խփի և հաղթի: Ամենակարևորը հաղթելն է: Վիճակագրության վրա չեմ կենտրոնանում:


 Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում