Ավստրալիա. Ֆեդերերը 5 սեթում հաղթեց Վավրինկային ու դուրս եկավ եզրափակիչ

«Մեծ Սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի Բաց առաջնությունում տեղի ունեցավ կիսաեզրափակչի առաջին խաղը:

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը մրցեց Ստեն Վավրինկայի հետ և համառ պայքարում կարողացավ հաղթանակ տոնել:

Մեկնարկային երկու սեթերում 35-ամյա թենիսիստը գեղեցիկ խաղ ցուցադրեց և հաշվի մեջ առաջ անցավ, սակայն հետագայում նրա գործողություներում սխալները սկսեցին մեծ թիվ կազմել: Իր հերթին Վավրինկան սկսեց հիանալի խաղ ցույց տալ ու արդյունքում հավասարացրեց հաշիվը:

Ամեն ինչ որոշվեց հինգերորդ սեթում, որի սկզբում Ֆեդերերը նույնպես վստահ չէր գործում, մի քանի անգամ դժվարությամբ փրկեց իր մատուցումը, սակայն 3:2 հաշվի ժամանակ կարողացավ բրեյք կատարել և հետո վստահորեն գործն ավարտին հասցրեց: Գրանցվեց 7:5, 6:3, 1:6, 4:6, 6:3 հաշիվը:

Եզրափակչում Ֆեդերերը կմրցի Ռաֆայել Նադալ – Գրիգոր Դիմիտրով զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում