«Խազարի գավաթ». Գաբրիել Սարգսյանը գրավեց երկրորդ տեղը

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «Խազարի գավաթ 2017» մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 14 երկրի 97 շախմատիստ, այդ թվում` 16 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ:

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը վերջին տուրում հաղթանակ տոնեց Ալիռեզա Ֆիռուզայի նկատմամբ և վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին նաև հունգարացի գրոսմայստեր Ֆերենց Բերկեշն ու Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Ամին Տաբատաբեյը: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ մրցաշարի հաղթող դարձավ Բերկեշը, Գաբրիել Սարգսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Ամին Տաբատաբեյը եզրափակեց լավագույն եռյակը:

Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր: Մրցաշարի ընթացքում Ղարիբյանը հաղթանակներ տոնեց իրենից շուրջ 200 և 300 վարկանիշային կետով բարձր միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետների նկատմամբ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ չնայած վերջին տուրում բազմափորձ գրոսմայստեր Օլեգ Կորնեևից կրած պարտությանը` Ղարիբյանը 124 կետով բարձրացրեց անհատական վարկանիշը և, մրցաշարում իր գործակցով 97 մասնակիցների մեջ լինելով 59-րդը, արդյունքում գրավեց 22-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում