Նադալ․ Շատ ուրախ եմ և՛ ինձ համար, և՛ Ֆեդերերի

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլում Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ 6:3, 5:7, 7:6 (7:5), 6:7 (4:7), 6:4 հաշվով տոնած հաղթանակի և Ռոջեր Ֆեդերերի հետ հունվարի 29-ին կայանալիք եզրափակիչ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Բարդ է նկարագրել, թե ինչ եմ զգում։ Շատ եմ հոգնել և հիմա պարզապես ցանկանում եմ քնել։ Գրիգորն անհավանական լավ էր խաղում։ Երկրպագուների աջակցությունը ֆանտաստիկ էր, շնորհակալ եմ նրանց։ Երջանիկ եմ, քանի որ անգամ չէի կարող երազել, որ կրկին կխաղամ «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակչում, բայց նաև հավատում էի, որ մի քանի լավ հանդիպումների դեպքում ամեն ինչ հնարավոր կլինի։

Շատ ուրախ եմ և՛ ինձ համար, և՛ Ռոջերի։ Չեմ ստի՝ Ֆեդերերի հետ կրկին «Մեծ Սաղավարտի» եզրափակչում խաղալը յուրահատուկ իրադարձություն է։ Հիանալի է, որ երկուսս էլ հասել ենք եզրափակիչ և պայքարում ենք կարևոր արդյունքի համար։ Մեր խաղաոճերի տաբերությունը խաղն ավելի հետաքրքիր կդարձնի։ Գիտեմ, որ մեր դիմակայության մասին շատ են խոսում։ Կարծում եմ՝ դա օգտակար է մարզաձևի համար,- Նադալի խոսքը փոխանցում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում