«Ողջույն անցյալից»․ Նադալ-Ֆեդերեր եզրափակչին ընդառաջ

Նախքան Նովակ Ջոկովիչի ու Էնդի Մարեյի տպավորիչ հաղթանակները բարդ էր պատկերացնել, որ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում Ռոջեր Ֆեդերերից և Ռաֆայել Նադալից բացի այլ թենիսիստներ կլինեն։

Բնականաբար, շվեյցարացին և իսպանացին երբեմն անհաջողություններ էին ունենում, սակայն հենց նրանք էին գլխավոր մրցաշարերի ֆավորիտները։ Ժամանակները փոխվեցին, մարզավիճակները ևս, վնասվածքները պարբերական դարձան, ի հայտ եկան նոր աստղեր, «մեծ քառյակ» արտահայտությունն էլ աստիճանաբար դարձավ քիչ կիրառվող, քանի որ հենց Ֆեդերերն ու Նադալը սկսեցին ավելի քիչ խաղալ եզրափակիչներում։ Այս թենիսիստների՝ վճռորոշ խաղերում հանդիպումը դարձավ ոչ թե կանխատեսելի, այլ անհավանական թվացող իրադարձություն։

Նախքան Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկը քչերն էին հավատում Ֆեդերերի ու Նադալի՝ անգամ կիսաեզրափակչում հայտնվելուն։ Նման կարծիք ունեցողներին կարելի է հասկանալ, քանի որ երկու թենիսիստներն էլ բաց էին թողել նախորդ մրցաշրջանի զգալի մասը։ Վնասվածքի պատճառով Նադալը դուրս մնաց «Ռոլան Գարրոսից», չմասնակցեց «Ուիմբլդոնին», հետո վերադարձավ, սակայն Շանհայի մրցաշարի առաջին շրջանում կրած պարտությունից հետո կորտ դուրս չեկավ։ Ֆեդերերը չխաղաց «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչից, ATP վարկանիշային աղյուսակում լեգենդար շվեյցարացին նահանջեց 17-րդ հորիզոնական, ինչի արդյունքում Մելբուրնում արդեն երրորդ շրջանից լուրջ մրցակիցներ ունեցավ, սակայն ո՛չ Թոմաշ Բերդիխը, ո՛չ Կեի Նիսիկորին, ո՛չ Ստեն Վավրինկան չկարողացան կանգնեցնել Ռոջերին։

Եվ ահա «թենիսի կլասիկոն» վերադարձավ․ հունվարի 29-ին Մելբուրնի «Rod Laver Arena»-ում կկայանա «Մեծ Սաղավարտի» մրցաշարերից Ավստրալիայի Բաց առաջնության՝ Ռոջեր Ֆեդերեր – Ռաֆայել Նադալ եզրափակիչը։

«Մեծ քառյակի» երկու ներկայացուցիչները՝ աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Էնդի Մարեյն ու Նովակ Ջոկովիչն անակնկալ պարտություններ կրեցին, ինչից օգտվեցին մրցաշարի ամենափորձառու մասնակիցները։

Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալն առաջին անգամ «Մեծ Սաղավարտի» մրցաշարում հանդիպել են 2005 թվականին։ Դրանից հետո ամենակարևոր մրցաշարերում թենիսիստները հանդիպել են 11 անգամ, վերջինը եղել է 2014 թվականի Ավստրալիայի Բաց առաջնության շրջանակում։

Անձնական վիճակագրությունը
Ռաֆայել Նադալ – Ռոջեր Ֆեդերեր

  • Ընդհանուր հաղթանակները՝ 23 – 11
  • Եզրափակիչներում՝ 14 – 7
  • «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում ընդհանուր հաղթանակները՝ 9 – 2 (Ավստրալիայի Բաց առաջնություն՝ 3։0, «Ռոլան Գարրոս»՝ 5։0, Ուիմբլդոն՝ 1։2, ԱՄՆ-ի Բաց առաջնությունում թենիսիստները չեն հանդիպել)
  • «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներ՝ 6 – 2
  • 5-սեթանոց հանդիպումներ՝ 3-2
  • Գրունտ՝ 13 – 2
  • Հարդ՝ 9 – 7
  • Խոտ՝ 1 – 2

Ինչպես տեսնում եք, գրեթե բոլոր ցուցանիշներով Նադալը գերազանցում է Ֆեդերերին, սակայն միայն վիճակագրությունն իսպանացուն առաջիկա եզրափակչի ֆավորիտ չի դարձնի։ Պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ կիսաեզրափակչում Նադալը 5 ժամ տևողությամբ շատ բարդ հանդիպում ունեցավ Գրիգոր Դիմիտրովի հետ, իսկ Ֆեդերերը մեկ օր ավելի հանգստանալու հնարավորություն ուներ։

Հետևելով Նադալի ու Ֆեդերերի մեկնաբանություններին՝ պարզ է դառնում, որ այս թենիսիստները ևս դժվարությամբ են հավատացել իրադարձությունների նման զարգացմանը, բայց միևնույն ժամանակ նրանք չեն թաքցնում, թե որքան հաճելի է հին ընկերոջը եզրափակչում հանդիպելը։

Նադալը կարող է նվաճել «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում իր 15-րդ տիտղոսը, Ֆեդերերը՝ 18-րդ, սակայն անգամ այս անհավանական թվացող հանգամանքը լիովին չի արտահայտում առաջիկա դիմակայության ամբողջ գրավչությունը։ Դիմակայություն, որ կընդունվի որպես «թենիսի կլասիկո», եթե անգամ Ջոկովիչն ու Մարեյն իրար դեմ 100 հանդիպում անցկացնեն։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում