Հայ շախմատիստները մասնակցում են «Սաբալանի գավաթ» միջազգային մրցաշարին

Հունվարի 28-ին Իրանում մեկնարկել է «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 7 երկրի 54 շախմատիստ, այդ թվում` 10 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 8 միջազգային վարպետ և 3 ՖԻԴԵ-ի վարպետ:

Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, Եվրոպայի մինչև 12 տարեկան շախմատիստների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանն ու գյումրեցի շախմատիստ Սեդրակ Մաթևոսյանը:

Մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: Հաջող ելույթներ է ունենում Մամիկոն Ղարիբյանը, ով 3 հնարավորից վաստակել է 2.5 միավոր: Այս պահի դրությամբ պատանի շախմատիստը 66 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ավարտված «Խազարի գավաթ 2017» մրցաշարում Ղարիբյանը 124 կետով էր բարձրացրել իր վարկանիշը:

2.5 միավոր է վաստակել նաև գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը: Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն  ունի 2 միավոր, իսկ Սեդրակ Մաթևոսյանը` 1:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ղայեմ Մաղամին և Ազեր Միրզոևը, ովքեր 3 հնարավորից վաստակել են նույնքան միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում