Զավեն Անդրիասյանը՝ Քաղաքապետի գավաթի III խաղարկության հաղթող

Այսօր ավարտվեց Քաղաքապետի գավաթի III խաղարկությունը:

Քաղաքապետի գավաթի խաղարկությունն անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլում կայացան 6 ընտրական մրցաշարեր, որոնց արդյունքում առաջին 10 տեղերը գրաված մասնակիցներն իրավունք ստացան մասնակցելու երկրորդ փուլին: Այստեղ նրանց միացան ՖԻԴԵ-ի դասական շախմատի վարկանիշային ցուցակում Հայաստանի շախմատային ֆեդերացիան ներկայացնող առաջին 10 շախմատիստները, ինչպես նաև 4 շախմատիստներ Երևանի շախմատի ֆեդերացիայի հրավերով: Այս 24 շախմատիստները սկզբում պայքարեցին 6-ական մասնակիցներով՝ 4 ենթախմբերում: 

Ենթախմբերի 2 հաղթողները շարունակեցին պայքարը Քաղաքապետի գավաթի համար՝ արդեն նոկաուտ մրցակարգով: Նոկաուտ մրցաշարին մասնակցելու ուղեգրեր էին նվաճել Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Նոկաուտ համակարգով անցկացված մրցաշարի հաղթող դարձավ Զավեն Անդրիասյանը: 1/4 եզրափակչում Անդրիասյանը 2-0 հաշվով հաղթանակ տոնեց Տիգրան Հարությունյանի նկատմամբ, կիսաեզրափակչում 1.5-0.5 հաշվով առավելության հասավ Տիգրան Լ. Պետրոսյանի նկատմամբ: Եզրափակչում Անդրիասյանի մրցակիցն էր ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, ով պայքարից դուրս էր թողել գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանին և Ռոբերտ Հովհաննիսյանին: Եզրափակչի առաջին երկու պարտիաները, որոնցում յուրաքանչյուր մասնակցին տրված էր 10 րոպե, 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 2 լրացուցիչ պարտիաներ, որոնցում յուրաքանչյուր մասնակցին տրված էր 3 րոպե, 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Լրացուցիչ 2 պարտիաներն էլ ավարտվեցին Անդրիասյանի հաղթանակով և նա դարձավ Քաղաքապետի գավաթի III խաղարկության հաղթող:

Նոկաուտ մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում