Կրամնիկը հրաժարվել է. Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ի մրցաշարերին

Հայտնի են դարձել «Grand Chess Tour» մրցաշարերի մասնակիցների անունները` Լևոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Սերգեյ Կարյակին, Ուեսլի Սո, Հիկարու Նակամուրա, Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Վիշվանաթան Անանդ և Յան Նեպոմնյաշչի:

Լևոն Արոնյանն իրավունք է ստացել մասնակցելու մրցաշարին, քանի որ Վլադիմիր Կրամնիկը հրաժարվել է մասնակցությունից: «Chess.com» կայքին տրված հարցազրույցում Վլադիմիր Կրամնիկը նշել էր, որ հրաժարվում է մասնակցել «Grand Chess Tour»-ին.

«Միայն ժամանակացույցի հետ կապված խնդիր է: Ես արդեն ունեմ պարտավորություններ ամռանն ու աշնանը մրցաշարերի մասնակցելու համար և եթե մասնակցեի «Grand Chess Tour»-ին, կստացվեր, որ 4 ամիս գրեթե առանց հանգստի պետք է շախմատ խաղայի: Դա չափից շատ է»,- ասել է Կրամնիկը:

«Grand Chess Tour»-ը բաղկացած է 5 մրցաշարից` 3 արագ շախմատի մրցաշար և երկու դասական մրցաշար: Վերը նշված 9 շախմատիստները պարտադիր պետք է մասնակցեն դասական շախմատի մրցաշարերին` Սինգֆիլդի գավաթին և «Լոնդոն Չեսս Կլասիկին», ինչպես նաև 2 արագ շախմատի մրցաշարերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում