Արմեն Շահգելդյանը՝ «Արարատի» մարզչական շտաբում

Արմեն Շահգելդյանը համալրել է «Արարատի» մարզչական շտաբը: 43-ամյա մասնագետն արդեն ներկայացվել է թիմին և անցել իր պարտականությունների կատարմանը,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Արմեն Շահգելդյանը 1992-1996թթ. հանդես է եկել «Արարատի» կազմում, այնուհետև խաղացել է «Արմենիկումում», Նովոռոսիյսկի «Չերնոմորեցում», Պետահ Տիկվայի «Հապոելում», «Երևանում», Շվեյցարիայի «Լոզան Սպորտում», Մոսկվայի «Դինամոյում», Կիպրոսի «Նեա Սալամինայում», Լիբանանի «Ալ Ահեդում» և «Միկայում»: Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ:

Որպես ֆուտբոլիստ Շահգելդյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, Հայաստանի սուպերգավաթակիր, Շվեյցարիայի գավաթակիր, երկու անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (1993, 2006):

Մարզչական կարիերայի ընթացքում Արմեն Շահգելդյանը 2008-2011թթ. աշխատել է «Միկայում»՝ որպես երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, ընդգրկվել է գլխավոր թիմի մարզչական շտաբում, այնուհետև գլխավորել «Միկան»: Նրա գլխավորությամբ թիմը 2011-ին դարձավ Հայաստանի գավաթակիր: 2016-ին Շահգելդյանը վերադարձավ «Միկա»` ընդգրկվելով Սերգեյ Յուրանի մարզչական շտաբում: Ռուս մասնագետի հրաժարականից հետո Շահգելդյանը մինչև մրցաշրջանի ավարտը կատարեց գլխավոր մարզչի պարտականությունները:

Արմեն Շահգելդյանը Մոսկվայում ավարտել է Բարձրագույն մարզչական դպրոցը (ВШТ), ունի ՈւԵՖԱ-ի մարզչական «A» կարգի արտոնագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում