«Գիրուկ» տղայից՝ մինչև «Սթեմֆորդ Բրիջի» հերոս

Ֆրենկ Լեմպարդն ավարտեց փառահեղ կարիերան: Այդ առիթով անդրադառնում ենք նրա անցած ֆուտբոլային ճանապարհին: 

***

Հայրը՝ Ֆրենկ Լեմպարդ ավագը «Վեսթ Հեմի» նախկին լեգենդար պաշտպանն էր (ավելի քան 660 խաղ), պապը՝ «Վեսթ Հեմի» նախկին կիսապաշտպանը և հեղինակավոր մարզիչ, հորեղբոր որդին՝ Ջեյմի Ռեդնապը խաղում էր «Լիվերպուլում»: Պատկերացնո՞ւմ եք նման միջավայրում մեծացող տղայի։


Ավագ և կրտսեր Ֆրենկ Լեմպարդները

Պատանի Լեմպարդն աստիճանաբար հասկացավ, որ այդպիսի հարազատներ ունենալով՝ չի կարող թաքնվել «Վեսթ Հեմի» երկրպագուների քննադատական հայացքներից:

«Տղան գիրուկ է», «հում է և անտաղանդ», «մենք ավելի մեծ և ուժեղ երեխաներ ունենք»,-ասում էին լոնդոնցի «փորձագետները»: Հարի Ռեդնապը, ով 1994-2001թթ. «Վեսթ Հեմի» մարզիչն էր, կտրուկ պատասխան էր տալիս նմանատիպ հայտարարություններին։ Պարզապես լսեք Ռեդնապի ելույթը (հնարավոր է միացնել ռուսերեն լուսագիրը) և վայելեք Ֆրենկի դեմքի արտահայտությունը:

Լեմպարդը լիովին համապատասխանում էր մարզչի բնորոշումներին, նոր հազարամյակի մեկնարկով «Վեսթ Հեմը» աճեց, իսկ Ֆրենկն աստիիճանաբար ազատվեց ամաչկոտությունից և անտեղի համեստությունից։ 2000-01թթ․ մրցաշրջանից հետո «Վեսթ Հեմի» շարքերը լքեցին Ֆրենկի հայրն ու հորեղբայրը: Օգտվելով այդ հանգամանքից՝ Ֆրենկ Լեմպարդի  հետ բանակցություններ սկսեց «Չելսիից» Կլաուդիո Ռանյերին․․․

Այսպես իր ուղղությունը փոխեց անգլիական ֆուտբոլի մեծագույն կիսապաշտպաններից մեկի պատմությունը: «Վեսթ Հեմում» Ֆրենկին ասում էին «կրտսեր Լեմպարդ», իսկ «Սթեմֆորդ Բրիջում» մեր հերոսի մասին խոսելիս «կրտսեր»-ի փոխարեն օգտագործեցին միայն «լավագույն»-ը:

Կարևոր դրվագներ

Նա անձամբ 2005-ին՝ Ժոզե Մոուրինյուի հեքիաթային մրցաշրջանի ավարտին «Բոլտոնի» դեմ խաղում կերտեց «ոսկե դուբլը»:

2006-ի հոկտեմբերին խելահեղ գնդակ խփեց Չեմպիոնների լիգայում՝ «Բարսելոնայի» դեմ խաղում:

2008-ի ապրիլի 30-ին «Չելսիի» առաջատարը Չեմպիոնների լիգայի կիսեզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլի» հետ պատասխան խաղում անվրեպ իրացրեց վճռորոշ 11-մետրանոց հարվածը: Զգացմունքները պարուրել էին հոգին ու հայացքն ուղղել էր երկինք, քանի որ տրիբունայում հոր կողքին բացակայում էր կյանքի ամենակարևոր մարդը: «Լիվերպուլի» դեմ խաղից 1 շաբաթ առաջ Լեմպարդի մայրը չկարողացավ հաղթահարել սուր թոքաբորբը: Փեթ Լեմպարդի սիրտը կանգ առավ 2008-ի ապրիլի 24-ին: Նա ընդամենը 58 տարեկան էր…

«Մայրի՛կ, օգնիր ինձ, այսօր ոտքերս պետք է թեթև լինեն»,- Չեմպիոնների լիգայի Մոսկվայի եզրափակչից ժամեր առաջ Լեմպարդը հոգեկան ծանր ապրումներ է ունեցել: Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները խիստ անհանգստացած էին Լեմպարդի համար, սակայն նա կարողացավ «Լուժնիկի» մուտք գործել վստահությամբ։ Այդ երեկո «Չելսիին» հուսախաբ անողը Ջոն Թերիի ոտքերն էին․․․

Ֆրենկը տարբերվում էր: Նա ուրիշ տեսակի էլեգանտ խաղացող էր: Նա երբեք կատարյալ չի եղել, բայց ցանկացած իրավիճակում «Չելսիի» երկրպագուները պաշտել են նրան, անգամ «Մանչեսթեր Սիթիի» կազմում նախկին թիմին 2014-ի սեպտեմբերի 21-ին խփած գնդակից հետո: Ի՞նչ էր այդ ժամանակ կատարվում Մոուրինյուի գլխում: Իսկ Թերիի՞, ով այդ տարի երկու անգամ կորցրեց ընկերոջը. տրանսֆերի ժամանակ և գնդակ խփելու պահին: 

Լեմպարդը շուտով մարզիչ կդառնա, ինչպես և ցանկանում էր: Միայն պատկերացրեք այն թիմը, որը գլխավորում է 150 IQ ունեցող նախկին կիսապաշտպան, ով հավերժ հետք է թողել համաշխարհային ֆուտբոլի պատմության էջերին․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում