ՊՍԺ-ն հաղթանակ է կորզել, «Մոնակոն» պահպանել է առավելությունը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնությունում տեղի են ունեցել 24-րդ տուրի երեք հանդիպումներ:

Լիգա 1-ի առաջատար «Մոնակոն» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության է մատնել «Մոնպելյեին»: Լեոնարդո Ժարդիմի թիմն արագորեն երկու գոլ է խփել, սակայն երկրորդ կեսի սկզբում տանտերերին հաջողվել է կրճատել հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլ չի գրանցվել: Վերջին րոպեները հյուրերն անցկացրել են 10 ֆուտբոլիստներով, քանի որ երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է Ժեմերսոնը:

Առաջատարին հետապնդող «Պարի Սեն Ժերմենն» ընդունել է «Լիլին» և դժվարին հաղթանակ տոնել: Հարձակման գծում հաջող մրցավեճ չանցկացնող փարիզցիները հաշիվը բացել են երկրորդ կեսի միջնամասում, երբ տուգանայինի խաղարկումից հետո առաջնության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին ուսի հարվածով գրավել է դարպասը:

Ընթացիկ մրցաշրջանում իր խաղով չտպավորող ՊՍժ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլան 85-րդ րոպեին հերթական անգամ հայտնվել է անախորժ իրավիճակում: Նա պարզ իրավիճակում կորցրել է գնդակը, ինչի արդյունքում «Լիլը» պատասխան գնդակն է խփել:

Ունաի Էմերիի թիմը նետվել է կորցրածը հետ բերելուն և մրցավարի կողմից ավելացված ժամանակում հաջողության է հասել․ աչքի է ընկել Լուկաս Մոուրան: Բրազիլացին անպաշտպան դարպասը գրավել է խաղից դուրս վիճակից, երբ ճիշտ դիրքում գտնվող Էդինսոն Կավանիի հարվածից հետո որոշել է դիպչել դեպի դարպասն ընթացող գնդակին:

«Մոնակոն» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, ՊՍժ-ն 52 միավորով երկրորդ է: Վերջինիս կարող է հավասարվել «Նիցան», որն այսօր ընդունելու է «Սենտ Էտյենին»:

«Մոնպելյե» – «Մոնակո»՝ 1:2
Գոլերը. Իլտոն (48) – Գլիկ (16), Մբապե (21)

ՊՍԺ – «Լիլ»՝ 2:1
Գոլերը. Կավանի (70), Մոուրա (90+2) – Դե Պրեվիլ (86)

«Կան» – «Բորդո»՝ 0:4
Գոլերը. Ռոլան (11), Կամանո (23, 63), Պլաշիլ (90)

Հետևեք մեզ նաև Telegram-ում