Կուրտուա․ Եվրագավաթներին չմասնակցելը մեզ առավելություն չի տալիս

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի վերջին հայտարարությանը։ Պորտուգալացի մասնագետը նշել էր, որ «Չելսին» գլխավորում է Անգլիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը, քանի որ եվրագավաթներին չի մասնակցում։

-Ֆուտբոլիստներից ոչ ոք չի հանգստանում, բոլորս ցանկանում ենք կրկին հանդես գալ Եվրոպայում։ Երբ դու 3-4 օրվա տարբերությամբ ես խաղերի մասնակցում, ավելի լավ վիճակում ես լինում, քանի որ պայքարում ես մեծ մրցանակների համար։ Մենք հաղթել ենք Անգլիայի առաջնությունում նաև այն ժամանակ, երբ հանդես ենք եկել եվրագավաթներում։ Դա էական նշանակություն չունի, և հիմա չմասնակցելը մեզ որևէ առավելություն չի տալիս։

Մենք շատ պահեստային ֆուտբոլիստներ ունենք, ովքեր անընդհատ ցանկանում են խաղաժամանակ ստանալ։ Եթե եվրագավաթներին մասնակցեինք, նրանք ավելի հաճախ խաղադաշտ դուրս կգային,- ասել է Կուրտուան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում