Դավիթ Թորոսյան․ Հավաքականում նոր անուններ կլինեն

Փետրվարի 6-ից Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Երևանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Բռնցքամարտիկները պատրաստվում են Սոֆիայում կայանալիք «Ստրանջա» մրցաշարին, որը հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի խոսքով, կարևոր ստուգատես է լինելու․

«Այս հավաքին հրավիրվել է 40 մարզիկ: Տարվա կարևորագույն մրցաշարերին մասնակցելու են այն բռնցքամարտիկները, որոնք իրենց կդրսևորեն լավագույն կողմերով: Ռինգը ամեն ինչ ցույց կտա: Շուտով մենք նոր անուններ կունենանք հավաքականի կազմում, բայց դեռ չեմ շտապում հրապարակել:

Սոֆիայի մրցաշարը մեր մարզիկների համար ուժերը փորձելու լավ հարթակ է: Նախատեսում ենք հանդես գալ բոլոր քաշային կարգերում: Այս տարվա գլխավոր ստուգատեսը աշխարհի առաջնությունն է, որը կկայանա օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Համբուրգում: Մինչ այդ հունիսի 14-26-ը Խարկովում հանդես կգանք Եվրոպայի առաջնությունում: Միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն` աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար բռնցքմարտիկը մայրցամաքային առաջնությունում պետք է մտնի 1/8 եզրափակիչ փուլ:

Առաջիկայում սպասվում է նաև երիտասարդների Եվրոպայի առաջնությունը (մինչև 22 տարեկաններ), մարտի 13-22-ը Ռումինիայում: Նույն տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը վատ եղանակային պայմանների պատճառով, անորոշ ժամանակով հետաձգվել է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հավաքականի մարզիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում