«Ատլետիկոն» առաջարկում է Իսպանիայի գավաթի եզրափակիչն անցկացնել իր նոր մարզադաշտում

«Ատլետիկոյի» ղեկավարությունը դիմել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Մարիա Վիլյառին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն իր նոր մարզադաշտում անցկացնելու առաջարկով։

«Cadena Ser»-ը հաղորդում է, որ «Ատլետիկոյի» ղեկավարությունը պատրաստ է «Բարսելոնա»-«Ալավես» եզրափակչի համար տրամադրել նորակառույց «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտը, որտեղ մադրիդյան թիմը սկսելու է հանդես գալ միայն հաջորդ մրցաշրջանից։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և վճռորոշ հանդիպման մասնակիցների դիրքորոշումը դեռ հայտնի չէ։

Իսպանիայում գավաթային եզրափակչի անցկացման հարցը վերջին տարիներին դարձել է շատ քննարկվող, քանի որ «Բարսելոնան» եզրափակիչ դուրս գալու դեպքում ավանդաբար ցանկանում է խաղալ սկզբունքային մրցակցի՝ «Ռեալի» մարզադաշտում։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունն էլ ավանդաբար մերժում է կատալոնացիների և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նման դիմումը։ Այս անգամ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ «Սանտյագո Բեռնաբեուում» շուտով շինարարական աշխատանքներ են սկսվելու, և մարզադաշտը պատրաստ չէ ընդունել եզրափակիչ խաղը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում