Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում են ստացել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նիստերի դահլիճում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների և մասնագետների հետ:

Նախարարը Հայաստանում ծանրամարտի ընդհանուր վիճակը դրական է գնահատել: Նրա խոսքով՝ մեր ծանրորդները հաջող են մասնակցել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Հրաչյա Ռոստոմյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է հանձնել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած ծանրորդներ Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին:

«Օլիմպիական երկու արծաթե մեդալները մինչօլիմպիական քառամյա փուլի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն են: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի սաներից երկուսը դարձան օլիմպիական փոխչեմպիոններ: Կարծում եմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ մեր ծանրորդները կարող են նվաճել նաև օլիմպիական ոսկին»,- Հրաչյա Ռոստոմյանի խոսքը փոխանցում է նախարարության պաշտոնական կայքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում