Զիդան․ «Բարսելոնան» նույն կերպ կվարվեր

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Սանտյագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցին։

Դիտարկմանը, թե մադրիդյան ակումբի ղեկավարությունն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ է առաջ քաշում «Բարսելոնայի» մասնակցությամբ եզրափակիչ խաղն իր մարզադաշտում չանցկացնելու համար, Զիդանը տվել է հետևյալ պատասխանը․

-«Ռեալը» չի՞ ցանկանում «Բարսելոնային» մարզադաշտ տրամադրել։ «Բարսելոնան» նմանատիպ իրավիճակում նույն կերպ կվարվեր։ Ամեն դեպքում, եթե Ֆլորենտինո Պերեսն ասում է, որ մեր մարզադաշտում շինարարական աշխատանքներ են անցկացվելու և հնարավոր չէ եզրափակիչ հանդիպում ընդունել, ուրեմն այդպես էլ լինելու,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է «Sport.es»-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Բարսելոնա»-«Ալավես» հանդիպումը կայանալու է մայիսի 27-ին։ Կատալոնական ակումբը, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ այս անգամ «Սանտյագո Բեռնաբեուում» խաղալու ցանկություն է հայտնել, սակայն մադրիդյան կողմը բացասաբար է արձագանքել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում