Ստուգողական խաղում «Ալաշկերտը» հաղթեց Ուզբեկստանի հավաքականին

Ստուգողական խաղում «Ալաշկերտը» հաղթեց Ուզբեկստանի հավաքականին

Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին Անթալիայում նախապատրաստվող «Ալաշկերտը» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Ուզբեկստանի հավաքականի հետ, որը գլխավորում է մեր հայրենակից Սամվել Բաբայանը։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդում Հայաստանի չեմպիոնը կարողացավ իր կամքը թելադրել մրցակցին: Խաղավերջում գնդակը երկու անգամ հայտնվեց Ուզբեկստանի հավաքականի դարպասում, իսկ «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանն այդպես էլ լրջորեն չմտավ խաղի մեջ:

Գոլերը հեղինակեցին աջ պաշտպան Դմիտրո Խովբոշան, ով հաճախակի էր միանում գրոհներին և 83-րդ րոպեին օգտվեց մրցակցի դարպասապահի անփույթ խաղից, և «Ալաշկերտում» փորձաշրջան անցնող սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը, ով 88-րդ րոպեին հիանալի անհատական անցում ձեռնարկեց աջ թևում և այն ավարտեց անկասելի հարվածով՝ 2:0:

Վաղն «Ալաշկերտը» կանցկացնի հավաքի վերջին ստուգողական հանդիպումը, մրցակիցը ղազախական «Ակժայիկն» է: Փետրվարի 13-ին «Ալաշկերտը» կվերադառնա Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում