«Ատլետիկոն» կամային հաղթանակ տոնեց «Սելտայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ատլետիկոն» կամային հաղթանակ տոնեց «Սելտայի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» հյուրընկալեց «Սելտային» և 3։2 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Հանդիպման մեկնարկում թիմերն արագ գոլեր փոխանակեցին․ նախ 5-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Գուստավո Կաբրալը, ապա 6 րոպե անց Ֆերնանդո Տորրեսը շքեղ գոլով վերականգնեց հաշվի հավասարությունը։ 30-րդ րոպեին Տորրեսը դուբլ ձևակերպելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն վրիպեց 11-մետրանոց նշակետից։

Հաշվի հավասարությունը պահպանվեց մինչև 78-րդ րոպեն, երբ Յոն Գվիդետին երկրորդ գնդակն ուղարկեց Մոյայի պաշտպանած դարպասը։ Այդուհանդերձ, հյուրերին ոչ միայն չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, այլև միավոր վաստակել․ 86-րդ րոպեին մադրիդցիների կազմում գեղեցիկ գոլով աչքի ընկավ Յաննիկ Ֆերեյրա-Կարասկոն, իսկ 2 րոպե անց վերջնական հաշիվը ձևակերպեց Անտուան Գրիզմանը։

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 42 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը, իսկ «Սելտան» մնաց 30 միավորով՝ 10-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում