«Բարսելոնայի» տխուր այցը Փարիզ․ «Պարի Սեն Ժերմենը» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Բարսելոնայի» տխուր այցը Փարիզ․ «Պարի Սեն Ժերմենը» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց։ 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում փարիզյան թիմը սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ։

Առաջին իսկ րոպեներից նկատելի էր, որ Ունաի Էմերիի սաները խաղադաշտ են դուրս եկել գերմոտիվացված, իսկ կատալոնացիների մոտ թիմային գործողությունները չէին ստացվում։ Հաշիվը բացվեց 18-րդ րոպեին․ տուգանային հարվածից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Անխել դի Մարիան, ով այսօր տոնում է ծննդյան 29-ամյակը։ Խաղակեսի վերջնամասում Մարկ-Անդրե տեր Շտեգենի պաշտպանած դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց Յուլիան Դրաքսլերը։

Երկրորդ կեսում «Բարսելոնան» ոչ միայն չկարողացավ բեկել հանդիպման ընթացքը, այլև ևս երկու գոլ բաց թողեց։ Նախ շքեղ հարվածով դուբլ ձևակերպեց դի Մարիան, ապա աչքի ընկավ օրվա մյուս հոբելյարը՝ Էդինսոն Կավանին, ով այսօր տոնում է ծննդյան 30-ամյակը։

Պատասխան հանդիպումը կայանալու է «Կամպ Նոուում», մարտի 8-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Պարի Սեն Ժերմենը» – «Բարսելոնա»՝ 4։0
Գոլերը՝ դի Մարիա 18՛, 55՛, Դրաքսլեր 40՛, Կավանի 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում