Արամ Ոսկանյան. Lավ առիթ է հայկական ու ամերիկյան ֆուտբոլները համեմատելու համար

Արամ Ոսկանյան. Lավ առիթ է հայկական ու ամերիկյան ֆուտբոլները համեմատելու համար

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» իր ուսումնամարզական երկրորդ հավաքն անցկացրեց Անթալիայում, որտեղ ընկերական 5 հանդիպման մասնակցեց: Երևանյան թիմը 3 օրով վերադարձել էր Երևան, որից հետո մեկնեց ԱՄՆ, որտեղ ևս երեք հանդիպում կանցկացնի: Երկարատև ուղևորությունից առաջ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Sport.Times.amի հետ զրույցում ամփոփեց նախորդ հավաքը, կարծիք հայտնեց թիմի նորեկների մասին, ինչպես նաև կիսվեց ԱՄՆ կատարվելիք այցի սպասումներով:

– Հավաքը որքանո՞վ էր հաջողված:

– Հավաքի առաջնային նպատակը մարզավիճակ ձեռք բերելն էր, բոլորին խաղալու շանս տալը: Կարևոր էին նաև խաղային օղակների ու ֆուտբոլիստների համագործակցությունների կարգավորումը: Դրա համար բոլոր հանդիպումներում տարբեր կազմերով էինք խաղում: Միայն Ուզբեկստանի հավաքականի հետ ենք այն կազմով խաղացել, որով հանդես ենք գալու Հայաստանի առաջնությունում: Այդ օրը քիչ փոփոխություններ կատարեցինք: Մյուս հանդիպումներում միաժամանակ շատ փոփոխությունները բացասական ազդեցություն էին թողնում ընդհանուր խաղի որակի վրա և հաճախ դրա արդյունքում գոլեր էինք բաց թողնում:

– Պայմանները գոհացնող էի՞ն:

– Հիանալի պայմաններ էին, ամեն ինչ կար: Բարձրակարգ հյուրանոցում էինք հանգրվանել: Այն թանկ արժեր, սակայն ակումբի ղեկավարությունն ընդառաջեց: Մեզ հետ էր նաև Պերմի «Ամկարը»: Խաղադաշտի որակից ու եղանակից նույնպես շատ գոհ ենք:

– Հինգ ընկերական խաղ անցկացրեցիք: Ինչպե՞ս նրանք անցան:

– Մինչև ընկերական հանդիպումները և դրանից հետո ևս օրական երկու մարզում էինք անցկացնում: Մարզվում էինք նաև խաղի օրը: Հոգնած ֆոնի վրա հանդիպումներ անցկացրեցինք, սակայն դա անհրաժեշտ է. երբ առաջնությունը սկսվի ֆուտբոլիստները կզգան դրա արդյունքը:

Առաջին ստուգողական խաղում 0:2 հաշվով պարտվեցինք «Տոսնոյին»: Մրցակիցը գրագետ թիմ էր: Ծանոթ եմ նրանց մարզչին` Դմիտրի Պարֆյոնովին (Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ-խմբ.): Նրա թիմը փորձում էր իր ժամանակների «Սպարտակի» պես խաղալ: Բարձրակարգ թիմ էր և կարծում եմ մյուս մրցաշրջանում հանդես կգա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Մյուս մրցակիցը սերբական «Նապրեդակն» էր: Նրանց խաղերը դիտել էի: Բավական ամրակազմ թիմ էր, որը Սերբիայի պես ուժեղ առաջնությունում 4-րդ տեղում է ընթանում: Համեմատության համար նշեմ, որ անցած տարի «Բանանցի» հետ մենք մրցեցինք սերբական «Չուկարիչկիի» հետ և 0:5 հաշվով պարտվեցինք: «Ալաշկերտը» կարող է և «Նապրեդակին» հաղթել, բայց 1:1 հաշիվը գրանցվեց:

Մյուս խաղը ղազախական «Իրտիշի» հետ էր (0:1): Բարձրակարգ լեգիոներներով ու խաղային օղակների հիանալի համագործակցությամբ թիմ էր: Առաջին կեսի վերջում գեղեցիկ գոլ ընդունեցինք: Վերը նշված պատճառով ֆուտբոլիստների հոգնածությունը զգացնել տվեց:

Չորրորդ մրցավեճը Ուզբեկստանի ընտրանու հետ էր (2:0), որի հետ հանդիպումը տեղափոխվել էր փետրվարի 11-ին, իսկ մենք ամսի 12-ին արդեն նախատեսված խաղ ունեինք: Ուզբեկստանը մինչև մեր հետ հանդիպումը հաղթել էր «Ամկարին»: Շատ լավ խաղ ստացվեց, մանրամասն պատրաստվել էինք այդ հանդիպմանը: Դրվագներով նաև բարձր պրեսինգի էինք դիմում: Մեր աջ պաշտպանը գոլ խփեց, երբ մրցակցի տուգանային հրապարակի մոտ խլեց գնդակը: Երկրորդ գոլն էլ հեղինակեց մեր սերբ լեգիոները (Ուորդ Նենադովիչ), որի մականունը «Ռոյս» է:

Արդեն հաջորդ օրն առավոտյան մրցեցինք «Ակժայիկի» հետ (0:3): Այդ հանդիպումներին բաժանեց մոտ 15 ժամ: Շանս տվեցինք ավելի քիչ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստներին: Խաղը ցույց տվեց, որ որոշ ֆուտբոլիստներ չեն համապատասխանում այդ մակարդակին: Այդ օրը հաշիվն էական չէր: Ես ավելի շատ սպասում էի, որ խաղը շուտ ավարտվի, որպեսզի ոչ ոք վնասվածք չստանա: Ի դեպ, հավաքի երևի միակ սև կետը Արտակ Դաշյանի վնասվածքն էր, սակայն այն լուրջ չէ և մոտ օրերս նա կսկսի մարզվել:

– Թիմը պայմանագիր է կնքել Սերբ Ուորոշ Նենադովիչի ու Դանիել Ստոյկովիչի հետ: Ինչո՞ւ հենց նրանք:

– Մեզ բազմաթիվ լեգիոներներ են առաջարկել, սակայն ընտրել ենք միայն Նենադովիչին ու Ստոյկովիչին: Հավաքը ցույց տվեց, որ Նենադովիչը լավ որակներ ունի, դեռ երիտասարդ է, մեր թիմում հաջող խաղալու մեծ ցանկություն ունի: Նա փորձելու է մեզ հետ եվրոպական ասպարեզ դուրս գալ և այնտեղ իրեն լավ դրսևորել: Ստոյկովիչի որակներին լավատեղյակ եմ, սակայն նա մեր կազմում դեռ հանդիպման չի մասնակցել, որովհետև Հայաստանում հենց առաջին մարզման ժամանակ վնասվածք ստացավ: Նրա հետ պայմանագիր կնքել ենք, որովհետև վստահ ենք նրա կարողությունների վրա:

– Կենտրոնական պաշտպանի դիրքում խնդիրներ էի՞ք տեսնում:

– Նախ Ստոյկովիչը կարող է խաղալ նաև աջ պաշտպանի դիրքում, և հետո` տարբեր խաղերում տարբեր ֆուտբոլիստներ են հանդես գալու: Շատ բան կախված է լինելու տվյալ մրցակցից: Օրինակ, եթե մրցակիցը նախընտրում է բարձր փոխանցումներով գործել, ապա մենք պաշտպանության գծում դուրս կբերենք Դանիելի պես գլխով լավ խաղացող ֆուտբոլիստների: Բոլոր խաղացողներն, ովքեր այժմ մեր կազմում են, շատ կարևոր են և երբ պահը գա, նրանք անպայման շանս ստանալու են:

– Դուք նշել էիք, որ ձեզ եզրային հարձակվող է անհրաժեշտ: Ակումբը հրավիրել էր բրազիլացի Վալդիրին: Նա ինչպիսի՞ տպավորություն թողեց:

– Վալդիրի վերջին խաղերը դիտել էի և նա բավական լավ տպավորություն էր թողել: Երկար ճանապարհ էր անցել մեզ միանալու համար: Եթե չեմ սխալվում ևս մեկ օր էլ օդանավակայանում է մնացել: Առաջին մարզման ժամանակ վնասվածք ստացավ և նրան ուղարկեցինք Երևան, որպեսզի բուժզննման ենթարկվի: Եթե պարզվի խրոնիկական վնասվածք է, նրա հետ պայամնագիր չենք կնքի, դա մեր բժիշկները կորոշեն: Եթե պարզվի, որ ամեն ինչ նորմալ է, նրա հետ համաձայնագիր կստորագրենք: Նա իմ սիրելի ոճի խաղացողներից է:

– «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել նաև եզրային պաշտպան Թեդ Նտիրուբուզայի հետ: Նրա հետ լուրջ հույսե՞ր եք կապում:

– Պայմանագիր արդեն կնքել ենք, սակայն ընկերական խաղերի ժամանակ նա շատ բացասական տպավորություն թողեց: Երկու անգամ նրան շանս եմ տվել, սակայն երկու դեպքում էլ այնքան անհաջող էր գործում, որ առաջին կեսում փոխարինել եմ: Հավանաբար նրա հետ երկկողմ համաձայնությամբ կբաժանվենք: Թեդը խոստումնալից էր, բայց այն տեսակի խաղացող չէր, որ մեր պահանջները բավարարեր: Մեզ ոչ թե հեռանկարային, այլ տվյալ պահին արդյունք ապահովող ֆուտբոլիստներ են հարկավոր:

– Կբացատրե՞ք` այդ ֆուտբոլիստն ինչո՞վ չէր համապատասխանում Ձեր պահանջներին:

– Նախ ֆիզիկական տվյալներով: Բացի այդ, ես ցանկանում եմ, որ եզրային պաշտպաններն ակտիվորեն մասնակցեն գրոհներին: Ներկայումս մեր տրամադրության տակ եղած Դաղբաշյանը, Խովբոշան ու Մինասյանը դա շատ լավ են անում: Թեդի մոտ հարձակվոլը լավ չէր ստացվում:

– Մինչև գլխավոր մարզչի պաշտոնում Ձեր նշանակումն «Ալաշկերտն» արդեն պայմանագրեր էր ստորագրել Գևորգ Նռանյանի, Մհեր Սահակյանի, իսկ վերջերս նաև Նարեկ Բեգլարյանի հետ: Այդ ֆուտբոլիստներից ի՞նչ սպասումներ ունեք:

– Ճիշտ է խաղացողների սահմանափակ քանակի պատճառով Նռանյանին չկարողացանք տանել Անթալիա, սակայն նա անպայման մեզ հետ մեկնելու է ԱՄՆ: Այնտեղ նա շանս կունենա: Եթե ամեն ինչ արեց, թիմին օգուտ տվեց, շատ ուրախ կլինեմ նրա հետ շարունակել աշխատանքը: Ամերիկյան հավաքը քննություն է ոչ միայն նրա, այլ նաև բոլորի համար: Ֆուտբոլում պետք է ամեն ժամ ապացուցես, որ արժանի ես խաղալուն:

Ինչ վերաբերվում է Նարեկ Բեգլարյանին: Դեռ «Միկայում» համատեղ աշխատանքով լավ ծանոթ եմ նրա կարողություններին: Երևում է, որ մոտ 3 ամիս բաց թողնելուց հետո նա դեռ աշխատելու շատ տեղ ունի: Հուսով եմ հետզհետե նա լավ մարզավիճակ կհավաքի: Նարեկի փորձը մեզ պետքական կլինի: Միակ խնդիրն այն է, որ Բեգլարյանը, սերբ ֆուտբոլիստները, ինչպես նաև այլ մի քանի խաղացողներ վիզայի հետ խնդիրների պատճառով չեն կարողանա մեզ հետ ԱՄՆ մեկնել: Նրանք կմնան Երևանում ու կմարզվեն երկրորդ թիմի հետ:

– «Ալաշկերտը» չի մասնակցելու գավաթի խաղարկությանը: Չեք՞ կարծում, որ թիմում ֆուտբոլիստների, մասնավորապես հարձակվողների քանակը բավական հագեցած է:

– Լինելու են խաղեր, որոնցում գործելու ենք երկու հարձակվողներով, իսկ այլ հանդիպումներում` 3: Առաջնությունից առաջ թիմում կմնան 22 ֆուտբոլիստներ: Դա նորմալ թիվ է: Մեր շատ ֆուտբոլիստներ ունիվերսալ են և կարող են մի քանի դիրքերում հանդես գալ: Լավ խաղացողները շատ չեն լինում: Նաև դա առողջ մրցակցություն է ստեղծում:

– Այս ընթացքում «Ալաշկերտից» հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ, որոնց թվում էին հիմնական կազմի խաղացող Կարեն Մուրադյանը և հարձակվող Նորայր Գյոզալյանը, ով ստացած խաղաժամանակի համեմատ արդյունավետ էր գործում: Նրանց հեռանալուն ինչպե՞ս եք վերաբերվում:

– Տարբեր: Ինձ համար Կարեն Մուրադյանի կորուստը ցավալի չէ, որովհետև այդ դիրքում ունենք այլ խաղացողներ: Գյոզալյանի հեռանալու կապակցությամբ շատ ափսոսացի, որովհետև նրա խաղը ինձ դուր է գալիս, նա գոլ խփող ֆուտբոլիստ է, իսկ այդպիսիններն այսօր քիչ են:

– «Ալաշկերտ» վերադարձած և ակումբի տնօրենի պաշտոնը ստանձնած Աբրահամ Խաշմանյանը հաճախ հուշում է ֆուտբոլիստներին: Հաճախ երկուսով տարբեր եզրերում կանգնած խորհուրդներ եք տալիս նրանց: Դա Ձեր աշխատանքի հավասարակշռությունը չի՞ խախտում:

-Առաջնության ժամանակ հաստատ այդպես չի լինելու: Հիմա հավաքի մեջ ենք. հուշում ենք իրար, քննարկում: Եթե ինչ-որ հարցերի ժամանակ մեր կարծիքները տարբերվում են, միայն ես եմ առաջադրանքներ տալիս խաղացողներին, իսկ եթե նույնկերպ ենք մտածում, ապա նորմալ եմ համարում, որ Խաշմանյանը նույնպես հուշումներ է անում: Բայց կրկնում եմ. դա միայն հավաքներին է վերաբերվում: Առաջնության ժամանակ ամեն ինչ այլ կերպ է լինելու:

– Անթալիայի հավաքի ժամանակ «Ալաշկերտի» ելույթներին հետևել է նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Նա Ձեր թիմի խաղացողների վերաբերյալ որևէ դիտարկումներ արե՞ց:

– Բնական է, որ հավաքականի մարզչի ներկայությունը դրական էր ազդել ֆուտբոլիստների վրա: Պետրոսյանը հետևեց մեր մարզումներին և 3 հանդիպումների: Նա հասկանում էր, որ խաղացողները նախապատրաստական շրջանում են և հիմա չի կարելի նրանց ելույթներից լուրջ հետևություններ անել: Ինքս որևէ խաղացողի շուրջ նրա տպավորությունների վերաբերյալ հարցեր չտվեցի, որովհետև դա կոռեկտ չէր լինի:

– «Ալաշկերտը» մեկնում է ԱՄՆ: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ հավաքից:

– Բարդ ճանապարհորդություն է սպասում: 16 ժամ թռչելու ենք: Երեք խաղ ենք անցկացնելու: Մարզումների շատ ժամանակ չի մնալու. հիմնականում հանդիպում ենք անցկացնելու և վերականգնվելու ենք:

– Կլիմայափոխության և ժամային գոտիների փոփոխությունից հետո ֆուտբոլիստների վերականգնման ծրագիր մշակել եք:

– Ես առաջին անգամ եմ լինելու ԱՄն-ում, ինձ համար էլ ամեն ինչ օտար է ու բարդ: Խնդիրները կլուծենք, եթե դրանք առաջանան: Նախապես չեմ ցանկանում բոլոր հարցերի շուրջ ծանրաբեռնել ինձ, որովհետև այդ դեպքում ամեն ինչը կխառնվի իրար:

– ԱՄՆ-ում մրցելու եք ուժեղ թիմերի` «Լոս Անջելես Գելեքսիի» ու Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Նման մրցակիցների դեմ հանդիպումներից ի՞նչ եք ակնկալում:

– Որքան ուժեղ մրցակցի հետ ես խաղում, այնքան քո կարգն է բարձրանում: Ինքս պատկերացում չունեմ ամերիկյան ֆուտբոլի մասին, թե ինչպես են նրանք գործում, ինչ խաղաոճ ունեն: Այդ ամենն ինձ համար էլ է նորություն լինելու: Սա լավ առիթ է մեր ֆուտբոլները համեմատելու համար: Բացի այդ, այս ուղևորությունը մեր բրենդի զարգացմանն է ուղղված: Ակումբի նախագահ Բագրատ Նավոյանն ամեն ինչ անում է, որ թիմին ճանաչեն: Այդ հանդիպումները նաև մեր ազգի պատվի հարցն են, որովհետև մենք այնտեղ Հայաստանն ենք ներկայացնելու:

– Թիմում այլ նորեկներ սպասվո՞ւմ են: Ո՞ր դիրքերը կցանկանայիք ուժեղացնել:

– Հնարավոր է: Ցանկալի կլիներ հրավիրել ևս մեկ հարձակվող և եզրային կիսապաշտպան: Շարունակում ենք բանակցություններ վարել: 1-2 նորեկներ դեռ կարող են մեզ միանալ:

– Ձեր գլխավորած «Ալաշկերտի» խաղաոճն ինչո՞վ է տարբերվելու Աբրահամ Խաշմանյանի ժամանակի թիմից:

– Շատ բան չենք կարող փոխել: Ֆուտբոլիստների մեծ մասը նույնն են: Ամեն մարզիչ իր մարտավարությունն ունի: Իմ պատկերացրած ֆուտբոլն այն է, որ ավելի շատ եզրերով գրոհենք, քան կենտրոնով, ինչպես նախկինում էր: Բայց դա չի նշանակում, որ մինչ այդ Ալաշկերտը» եզրերով չէր գործում: Միակ էական տարբերությունն այն է, որ մեր թիմը նախկին 3 պաշտպաններով խաղի փոխերն հանդես ենք գալու 4 պաշտպանների համակարգով: Չեմ կարծում, թե այս հարցում ֆուտբոլիստների համար դժվար կլինի, որովհետև բոլոր պաշտպաններն էլ սովոր են այդպես խաղալուն: Այս դեպքում առաջին պլան է դուրս գալու նրանց խաղակցվածությունը, որովհետև 3 կենտրոնական պաշտպանների դեպքում միշտ կարող են միմյանց փոխօգնության հասնել, իսկ այժմ կարևոր է չսխալվել:

– «Ալաշկերտն» ունի երկու բարձրակարգ դարպասապահներ` Արսեն Բեգլարյանն ու Գևորգ Կասպարովը: Ինչպե՞ս եք նրանց օգտագործելու և որո՞նք են լինելու նրանց փոխարինելու չափանիշները:

– Այո, մեր դարպասապահները երկուսն էլ բարձրակարգ են, բայց դա պետք է ապացուցեն խաղադաշտում ու մարզումների ժամանակ, միայն անվամբ չի լինի: Մեկնարկային կազմում ընդգրկվելու է նա, ով ավելի լավ մարզավիճակում կլինի, հերթականություն չի սահմանվելու: Փորձը ցույց է տալիս, որ դարպասապահի պարագայում վստահությունը ձեռք է բերվում մի քանի հանդիպումների անընդմեջ մասնակցելով: Անթալիայում Արսենն ու Գևորգը հավասար խաղաժամանակ ստացան: Հայաստանում սովոր չեն, որ մեկ թիմում երկու ուժեղ դարպասապահ կա, սակայն նույն Ռուսաստանում միանգամից չորսն են լինում: Մենք պետք է գնանք նրան, որ մեր թիմերում միանգամից 2-3 լավ դարպասապահ լինի:

– Ակումբի ղեկավարությունը ձեր առջև միայն չեմպիոն դառնալու նպատա՞կ է դրել:

– Առաջնայինը եվրագավաթի ուղեգիր նվաճելն է, իսկ չեմպիոնությունը ցանկալի նպատակ է: Շատ բան կախված է հանգամանքներից: Եթե, օրինակ, հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով դու կարող ես տարբեր զգացողություններ ունենալ: Եթե 2:0 հաշվով հաղթելիս ես եղել` կտխրես, իսկ եթե 0:2 հաշվով զիջելիս ես եղել ու կարողացել ես ոչ-ոքիի հասնել` ուրախ կլինես: Նույնը նաև չեմպիոնական պայքարում է:

– Դուք նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մարզիչն էիք: Շարունակելու՞ եք զբաղեցնել այդ պաշտոնը:

– Իմ պայամանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերին: Այս ընթացքում համագործակցությունը շարունակելու առաջարկ չեմ ստացել:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում