Լիլիթ Մկրտչյան․ Չէի ասի, թե հիջաբն ինձ խանգարեց

Լիլիթ Մկրտչյան․ Չէի ասի, թե հիջաբն ինձ խանգարեց

Թեհրանում կայացած շախմատի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Մկրտչյանի համար առաջնությունը եզրափակվեց հենց առաջին շրջանում:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում շախմատիստուհիները խոսել են պարտության պատճառների ու առաջիկա պլանների մասին:

Էլինա Դանիելյան. «Երեխայիս ծնվելուց հետո ես մոտ մեկ տարի չեմ մասնակցել մրցաշարերի, ինչն էլ բնականաբար բացասաբար է անդրադարձել խաղիս վրա: Ռութ Պադմինիի հետ առաջին պարտիայում ես մեկ քայլի վրա էի գտնվում հաղթանակից, բայց արդյունքում բաց թողեցի այդ հնարավորությունը, ինչն էլ բացասաբար անդրադարձավ երկրորդ օրվա իմ խաղի վրա: Երկու պարտիայից կազմված կարճ մրցապայքարում լարվածությունը շատ մեծ է, ինչն էլ մեծացնում է սխալվելու հավանականությունը:

Մրցաշարը բավականին լավ էր կազմակերպված, եթե հաշվի չառնենք հիջաբի հետ կապված հանգամանքները: Դժվար է ասել` ով կհաղթի նոկաուտ համակարգում, որտեղ անակնկալներ շատ են լինում:

Հիմա պետք է պատրաստվեմ Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը (ապրիլի 10-23), նախատեսում եմ խաղալ նաև 1-2 բաց մրցաշարերում, իսկ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Կրետե կղզում տեղի կունենա Եվրոպայի թիմային առաջնությունը»,- ասել է Էլինան:

Լիլիթ Մկրտչյան. «1/32 եզրափակչի իմ մրցակից չինացի Նի Շիկունին ծանոթ չէի, միայն նրա պարտիաներն էի վերլուծել: Մեկնարկային պարտիայում չկարողացա իրացնել լուրջ առավելությունս, իսկ երկրորդում պարզապես ոչինչ չստացվեց:

Չէի ասի, թե հիջաբն ինձ խանգարեց, աշխատում էի ուշադրություն չդարձնել դրան: Նոկաուտ համակարգն անկանխատեսելի է, և ապագա չեմպիոնի անունը դժվար է կռահելը:

Առջևում Եվրոպայի անհատական առաջնությունն է, աշնանը` մայրցամաքի թիմային առաջնությունը: Ընթացքում Գերմանիայի ակումբային առաջնությունում մի քանի պարտիաներ կխաղամ: Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի թիմային առաջնությունում (հունիսի16-28) Հայաստանի ազգային հավաքականն ամենայն հավանականությամբ հանդես չի գա` Բաքվի համաշխարհային օլիմպիադան բաց թողնելու պատճառով»,- նշել է Լիլիթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում