Աշխարհի առաջնություն. Դալմայերը՝ մասս-ստարտի չեմպիոն և ընդհանուր ռեկորդակիր (տեսանյութ)

Աշխարհի առաջնություն. Դալմայերը՝ մասս-ստարտի չեմպիոն և ընդհանուր ռեկորդակիր (տեսանյութ)

Ավստրիայում ընթացող Բիաթլոնի աշխարհի առաջնությունում տեղ է ունեցել կանանց մասս-ստարտը (ընդհանուր մեկնարկ):

Հաղթող է դարձել ընթացիկ առաջնության գլխավոր հերոս դարձած Լաուրա Դալմայերը: Գերմանուհին 4 կրակահերթում ոչ մի վրիպում թույլ չի տվել: Երկրորդ տեղն է զբաղեցրել Սյուզան Դանկլին: Ամերիկուհին նույնպես անվրեպ է կրակել: Լավագույն եռյակը եզրափակել է ֆինն Կայսա Մակարայնենը, ով եզրագծից մոտ կես կիլոմետր առաջ շրջանցել է իր պես մեկ վրիպում թույլ տված Գաբրիելա Կոուկալովային:

Ընթացիկ աշխարհի առաջնությունում Դալմայերը 5-րդ ոսկե մեդալը նվաճեց: 23-ամյա մարզուհին հաղթող է դարձել նաև պասյուտում (հետապնդման մրցավազք), անհատական մրցավազքում, ինչպես նաև Գերմանիայի տղամարդկանց հավաքականի հետ հաղթել է խառը փոխանցում ու կանանց ընտրանու հետ դասական էստաֆետան:

Աշխարհի առաջնությունում 5 ոսկե մեդալները կանանց բիաթլոնի պատմության նոր ռեկորդն է: Նախկինում մեկ առաջնությունում 4 ոսկե մեդալ էին նվաճել Տուրա Բերգերը և Լիվ Գրետե Շերբերը (Պուարե):

Հետևեք մեզ նաև Telegram-ում