Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարն Անգլիայի գավաթի խաղարկությունում։

1/8 եզրափակիչ փուլում «կարմիր սատանաներն» արտագնա խաղում կամային հաղթանակ տոնեցին «Բլեքբեռնի» նկատմամբ և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին։ «Իվուդ Պարկում» կայացած հանդիպման մեկնարկում դաշտի տերերը վատ տպավորություն չթողեցին, սակայն աստիճանաբար զիջեցին կարգով ավելի բարձր մրցակցին։ Հաշիվը 17-րդ րոպեին բացեց Դենի Գրիմը։ «Մանչեսթեր Յունայթեդին» հավասարությունը վերականգնելու համար 10 րոպե պահանջվեց․ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շքեղ փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկուս Ռաշֆորդը։

Հաշվի հավասարությունը պահպանվեց մինչև 75-րդ րոպեն, երբ արդյունավետ գործեցին փոխարինման դուրս եկած Պոլ Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը․ ֆրանսիացի կիսապաշտպանի փոխանցումից հետո Զլատանը երկրորդ գնդակն ուղարկեց Ջեյսոն Սթիլի պաշտպանած դարպասն ու ձևակերպեց հաղթական հաշիվը։

Ավելի վաղ 1/4 եզրափակիչ են դուրս եկել «Լինկոլն Սիթին», «Միդլսբրոն», «Միլուոլը», «Չելսին» և «Տոտենհեմը»։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բլեքբեռն» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։2
Գոլերը՝ Գրեմ 17՛ – Ռաշֆորդ 27՛, Իբրահիմովիչ 75՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում