Հայ հեծանվորդները պատրաստվում են մրցաշրջան 2017-ին

«Հայ հեծանվորդները Երևանում նախապատրաստվում են մրցաշրջանի գլխավոր մեկնարկներին: Մհեր Մկրտչյանը շարունակում է մարզումները ֆրանսիական «Շարվե Շավայնե» ակումբում, որի կազմում հանդես կգա տեղական մի քանի հեծանվավազքերում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հեծանվավազքի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.

«Մայիսին Մոսկվայում երկրորդ անգամ կմասնակցենք Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին: Կմեկնի Էդգար Ստեփանյանը ու ևս մեկ մարզիկ, որի անունը պարզ կլինի ավելի ուշ:

Մրցաշրջանի առաջին կարևոր մեկնարկը Անադիայում է (Պորտուգալիա), որտեղ հուլիսի 18-ից 27-ը կանցկացվի Եվրոպայի մինչև 19 և 23 տարեկանների առաջնությունը: Յուրաքանչյուր տարիքային խմբում Հայաստանը կներկայացնի մեկական մարզիկ»,- նշել է մարզիչը:

Ազգային ֆեդերացիան պլանավորում է մայիսին անցկացնել խճուղային, հունիսին` հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունները: Հոկտեմբերին Բեռլինում տեղի կունենա Եվրոպայի Էլիտայի (մեծահասակներ) առաջնությունը, իսկ նոյեմբերին կկայանան 2017-2018թթ. աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային երկու փուլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում