Խաղի ժամանակ թխվածք ուտելու պատճառով Շոուի պայմանագիրը խզվել է, բայց…

Անգլիայի հինգերորդ դիվիզիոնի «Սատոն Յունայթեդի» պահեստային դարպասապահ Ուեյն Շոուն լքել է ակումբը:

Անգլիական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 125 կգ քաշ ունեցող ֆուտբոլիստին խնդրել են խզել պայմանագիրը: Նման որոշման պատճառ է դարձել 45-ամյա դարպասապահի նկատմամբ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) անցկացվող հետաքննությունը: Այն կապված է «Արսենալի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ Շոուն, լինելով պահեստայինների նստարանին, թխվածք է կերել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Անգլիայի սուպերմարկետներից մեկը 45-ամյա ֆուտբոլիստին թխվածքների բաժնի ներկայացուցչի պաշտոն է առաջարկել:

«Այդ հանդիպումից հետո Ուեյնը դարձել է թխվածքների` Անգլիայի ամենահայտնի գիտակը: Մեզ հիացրել է ուտելիքի նկատմամբ նրա սերը: Համեղ թխվածքը ամրապնդվելու լավագույն միջոցն է, նույնիսկ ձեր կարիերայի կարևորագույն խաղի ժամանակ»,- սուպերմարկետի տնօրեն Թեսա Կելահանի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում