ԵԼ․ Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սենտ Էտյենին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթահարեց Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի արգելքը՝ առավելության հասնելով «Սենտ Էտյենի» նկատմամբ։ Սեփական հարկի տակ «կարմիր սատանաները» հաղթել էին 3։0 հաշվով, իսկ «Ժեֆրուա Գիշար» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 0։1 հաշվով։

Հանդիպման միակ գոլն արձանագրվեց 16-րդ րոպեին․ Խուան Մատայի հաշվենկատ փոխանցումից հետո աչքի ընկավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Տասը րոպե անց Մխիթարյանը մկանային ձգվածության պատճառով փոխարինվեց՝ խաղադաշտում տեղը զիջելով Մարկուս Ռաշֆորդին։ Վնասվածքի լրջության վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում։

63-րդ րոպեից «Մանչեսթեր Յունայթեդը» խաղաց 10 հոգով․ 3 րոպեի ընթացքում 2 դեղին քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Էրիկ Բային, սակայն «Սենտ Էտյենին» չհաջողվեց օգտվելով թվային առավելությունից և դիմակայությունում գոնե մեկ գոլ խփել։

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ 1/8 եզրափակիչ փուլի մրցակիցը հայտնի կդառնա այս փուլի բոլոր հանդիպումներից հետո կայանալիք վիճակահանության արդյունքում։

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ

«Սենտ Էտյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։1
Գոլը՝ Մխիթարյան 16՛
Հեռացում՝ Բայի 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում