Մոուրինյու․ Կարծում եմ՝ Մխիթարյանն ու Կերիկը չեն մասնակցի «Սաութհեմփթոնի» հետ եզրափակչին

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Սենտ Էտյենին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է իր թիմի հաղթական գոլը, ապա վնասվածքի պատճառով փոխարինվել։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Մխիթարյանի և երկրորդ կեսում փոխարինված Մայքլ Կերիկի վնասվածքների մասին։ Պորտուգալացի մասնագետը նշել է, որ այս ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղին, որը կայանալու է փետրվարի 26-ին։

«Մխիթարյանի մոտ ծնկատակի ջլի վնասվածք է, Կերիկը վնասել է սրունքը։ Կարծում եմ՝ 3 օրը շատ քիչ ժամանակ է վերականգնվելու համար։ Սա վերջնական որոշում չէ, պարզապես ասում եմ այն, ինչ զգում եմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Express»-ից։

Լրագրողների այն դիտարկմանը, որ «Սաութհեմփթոնի» հետ վճռորոշ խաղից առաջ կարելի էր ռիսկի չդիմել և Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտ դուրս չբերել, Մոուրինյուն տվել է հետևյալ պատասխանը․

«Դուք կարող եք վնասվածք ստանալ ձեր այգի դուրս գալուց։ Ռիսկ կա ամենուր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում