Եղիշ Դավթյանը` Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել փորձառու մասնագետ Եղիշ Դավթյանը,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Եղիշ Դավթյանը ծնվել է 1950 թվականին: Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1990-1993թթ. աշխատել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտում, որպես մարզախաղերի ամբիոնի վարիչ, հեղինակ է 50-ից ավելի տպագրված աշխատանքների: ԽՍՀՄ սպորտի վարպետ է, մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների չորս սպարտակիադաների:

2002թ. նրան շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում: 2004 թ. շնորհվել է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում։ 1985-1989թթ. մարզել է Ալժիրի ժողովրդական հանրապետության բասկետբոլի հավաքական թիմը և բարձրագույն խմբի մի շարք ակումբներ, մասնակցել է Աֆրիկայի և Արաբական երկրների առաջնություններին:

1990-1993 թթ.մարզել է «Ուրարտու» մարզական ակումբի բասկետբոլի թիմը: 1993-2000 թթ. մարզել է Լիբանանի ազգային հավաքականը և բարձրագույն խմբի մի քանի թիմեր, դարձել է երկրի գավաթակիր, երկրի պատանիների չեմպիոն , Արաբական երկրների բրոնզե մեդալակիր: 2001-2002 թթ. Սիրիայի Հալեպ քաղաքում մարզել է «Ալ-Ջալահ» ակումբի տղաների և աղջիկների բարձրագույն խմբերի թիմերը:

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը ելույթ կունենա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: A ենթախմբում Հայաստանի մրցակիցներն են Կոսովոյի, Նորվեգիայի և Կիպրոսի հավաքականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում