Արեգ Վաթյան․ Հասկացա մեր ուժեղ և թույլ կողմերը

Բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Թբիլիսիի միջազգային մրցաշարի արդյունքները: Մարզչի խոսքով, սա լավ հարթակ էր միջազգային փորձ ձեռք բերելու համար.

«Թբիլիսիում պետք է խաղայինք մեր տարիքային խմբի թիմերի հետ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով մրցեցինք Մ-18 տարեկանների հետ: Կարողացա փորձարկել բոլոր բասկետբոլիստներին, հասկանալ մեր ուժեղ և թույլ կողմերը: Նմանատիպ մրցաշարերում տղաները միջազգային փորձ են ձեռք բերում:

Կենտրոնականների խնդիր ունենք: Օղակի տակ կաղում ենք: Մեզ հարկավոր են բարձրահասակ բասկետբոլիստներ: Հիմա փորձում ենք հասկանալ՝ ովքեր կարող են այդ բացը լրացնել»,- ասել է մարզիչը:

Թբիլիսիում հավաքականի կազմում ընդգրկված էր 12 բասկետբոլիստ: Նրանցից 11-ը Հայաստանից էին, մեկը` Ռուսաստանից: Արեգ Վաթյանի խոսքով, հայաստանցի բասկետբոլիստներից հավաքականում կմնան միայն յոթը․

«Հավաքականում տեղացի բասկետբոլիստներին կմիանան մեր մի քանի հայրենակիցներ արտասահմանից: Շատ գոհ եմ Ռուսաստանից ժամանած Գեորգի Շախնազարովից: Այս մրցաշարում նա մեր ամենաարդյունավետ բասկետբոլիստներից էր: Առաջիկա Մոսկվայի հավաքին թիմը կհամալրեն նաեւ Սամվել Բունիաթյանն ու Տիգրան Հովսեփյանը: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը կաշխատենք լրացնել բաց տեղերն ու ավելի մարտունակ լինել»,-ասել է Արեգ Վաթյանը:

Հավելենք, որ Մ-16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 23-30-ը, Անդորրայում

Հետևեք մեզ նաև Telegram-ում