Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սաութհեմփթոնի» դեմ եզրափակչին

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ՝ «Սաութհեմփթոնի» հետ փետրվարի 26-ին կայանալիք խաղին։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

Միևնույն ժամանակ պորտուգալացի մասնագետը նշել է, որ կիսապաշտպան Մայքլ Կերիկն ու Ուեյն Ռունին ապաքինվել են և պատրաստ են առաջիկա խաղում օգնել թիմին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի՝ «Սենտ Էտյենի» հետ պատասխան խաղում (1:0): Հայաստանի հավաքականի ավագի ապաքինման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում