Աշոտ Բարսեղյան․ Պատրաստ ենք առաջնության վերսկսմանը

«Գանձասար-Կապանն» ավարտում է կիպրոսյան ուսումնամարզական հավաքը։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը խոսել է ստուգողական վերջին խաղի և անցկացրած հավաքի մասին։

-Ոչ-ոքի խաղացիք Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմի հետ, ի՞նչ կասեք այդ մասին։

-«Սպարտակի» մինչև 21 տարեկան թիմի ֆուտբոլիստները շատ լավ տպավորություն թողեցին։ Ուղղակի նշեմ, որ այս թիմը նույն 1։1 հաշիվն էր գրանցել լեհական «Վիգրիի» հետ խաղում, որին մենք պարտվել էինք 0։4 հաշվով։ Շատ լավ պատրաստված տղաներ էին։ Ես ինքս էլ ցանկանում էի, որ նման թիմերի հետ խաղայինք։ Առաջին խաղակեսում գոլ բաց թողեցինք։ Կենտրոնացվածության պակաս կար, եզրից գնդակը մտցրին խաղի մեջ, զարգացրին գրոհը, դուրս եկան մեն-մենակ և գրավեցին դարպասը։ Առաջին խաղակեսում հակառակորդը գոլ խփելու մի քանի պահ ուներ։ Գեղամ Հարությունյանը նույնպես կարող էր աչքի ընկնել, բայց նրա ուժգին հարվածից հետո դարպասապահը մի կերպ հեռացրեց գնդակը։ Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսում մրցակիցը տարածքային առավելություն ուներ։ Իսկ արդեն երկրորդ խաղակեսում խաղադաշտում կամք թելադրողը մենք էինք։ Կարողացանք գոլ խփել։ Դամիր Մեմովիչը աչքի ընկավ ստանդարտ իրավիճակից։ Էլի պահեր ունեինք, նույնը կարող եմ ասել նաև մրցակցի մասին, ովքեր հակագրոհներով հաճախ էին սպառնում մեր դարպասին, բայց մենք երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ խաղացինք։ Գերազանցեցինք հակառակորդին բոլոր առումներով։ Այնպես էր, որ հույս ունեինք, որ կհաղթենք այս խաղում։ Ամեն դեպքում նման խաղերում արդյունքն ինձ այդքան էլ չի հետաքրքում։ Կարևորն այն է, որ տղաները կարողացան երկրորդ կեսում խաղը վերցնել իրենց ձեռքը և գոլ խփել։

-«Սպարտակի» երիտասարդական թիմի հետ խաղով ավարտվում է կապանյան թիմի կիպրոսյան հավաքը։ Այն ծառայե՞ց նպատակին։

-Յուրաքանչյուր հավաք ծառայում է իր նպատակին։ Մեզ համար շատ կարևոր էր բարձրակարգ թիմերի հետ խաղալը։ Մենք տեսանք, թե ինչ ուժ ունենք, ինչի ենք ունակ։ Հասկացանք, որոնք են մեր ուժեղ ու թույլ կողմերը։

-Կիպրոսյան հավաքն ավարտվեց, հիմա կարելի՞ է ասել, որ թիմն արդեն պատրաստ է առաջնության վերսկսմանը։

-Այո, պատրաստ ենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, ներդնենք մեր բոլոր ուժերն ու հնարավորությունները, որպեսզի լավ արդյունք ապահովենք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում